«Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց իրենց նախընտրական ծրագիրը:

Քաղաքապետի թեկնածուն հայտնեց, որ ծրագրում ներառված է 50 կետ: Առաջինը, ըստ Մարությանի, ուղիղ ժողովրդավարությունն է. քաղաքապետ դառնալու դեպքում բոլոր կարեւոր, հանրային հնչեղություն ունեցող հարցերը լուծվելու են հանրաքվեի կամ օնլայն քվեարկության միջոցով:


«Այսուհետ ոչ ոք միանձնյա որոշումներ չի կայացնելու: Քաղաքապետարանի կայքում դուք քվեարկելու եք, իսկ առավել կարեւոր հարցերի դեպքում լինելու է դասական քվեարկություն, այսինքն՝ հանրաքվե»,- ասաց Հայկ Մարությանը:

Երկրորդ կարեւոր խնդիրը, Հայկ Մարությանի խոսքով, տրանսպորտն է: «Իմ քայլն» առաջարկում է միասնական տրանսպորտային ցանց, միասնական տոմս, ինչպես նաեւ գործելու է զեղչային համակարգ բնակչության տարբեր խմբերի համար. «Գծերն ու գծատերերն իսպառ վերանալու են, դրա տեղը լինելու են նոր երթուղիներ, նոր կանգառներ եւ նոր մենեջմենթ: Ներմուծելու ենք բարձրակարգ ավտոբուսներ, որոնք լինելու են երեք չափի, բոլոր ավտոբուսները համապատասխանելու են միջազգային ստանդարտներին, լինելու է հովացման եւ տաքացման համակարգ»:

Մտադիր են նաեւ Աջափնյակում կառուցել մետրոյի նոր կայարան, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում ներառված է նաեւ աղբահանության հարցը: Հայկ Մարությանը հիշեցրեց, թե ինչպես է այս ամիսներին աշխատում «Սանիթեքը», իսկ որպես լուծում առաջարկեց վերացնել այս ոլորտում մենաշնորհը:

«Համատիրություններից նույնպես դժգոհությունները շատ են: Շենքերի բնակիչները պետք է ընտրեն համատիրության նախագահին, որ հետո էլ պահանջեն իրենից կատարել պարտականությունները: Մեկ այլ խնդիր են շենքերի վերելակները: Քաղաքապետարանը պետք է վերանորոգի վերելակները, հարկ եղած դեպքում՝ փոխի դրանք»:

Հայկ Մարությանն անդրադարձավ նաեւ մանկապարտեզների խնդրին: Թեկնածուն նշեց, որ իրենց հաղթանակի դեպքում բարելավվելու է մանկապարտեզներում սննդի որակը, վերանորոգվելու են մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները. «Մենք ուսումնասիրել ենք եւ պարզել, որ շատ մանկապարտեզներ տրված են անհասկանալի կազմակերպությունների, երբեմն նույնիսկ առանց գումարի: Մենք պետք է բոլոր մանկապարտեզները վերադարձնենք մեր երեխաներին»:

Եվս մեկ կարեւորագույն խնդիր է կանաչապատումը. «Իմ քայլ» նախատեսում է 5 տարվա ընթացքում 500 հազար ծառ տնկել: