«Որեւէ պատգամավոր, որեւէ խորհրդարանական ուժ չմտածի, որ ինձ լավություն է արել՝ իմ օգտին քվեարկելով, որովհետեւ եթե չքվեարկեիք, դուք ընդհանրապես էդ օրը, հաջորդ օրը, մինչեւ հիմա չէիք կարող ձեր տները գնալ, որովհետեւ ժողովուրդը ձեզ թույլ չէր տա Երեւանի փողոցներով քայլել», «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձել է հեղափոխությունից հետո իրեն սատարած որոշ ուժերի պահվածքին: «Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ: Ու էսօր գիտե՞ք ինչ է տեղի ունենում, էսօր նրանք գնացել են, խորհրդարանում են բանակցում Հանրապետականի հետ, քուչեքում են բանակցում, տարբեր ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ, թե բա տղերք, կլինի՞ դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք Երևանի քաղաքապետի ընտրություններում, ընենց կանենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարով էլ պատգամավորի մանդատ ունենաք: …Տղերք և աղջիկներ, եթե ձեր հույսը ՀՀԿ-ի զորացրված ընտրակեղծարարների վրա է, դուք ընդհանրապես ինչի՞ համար եք մասնակցում ընտրություններին: Հրապարակներից հարցազրույցներում իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, հետո թաքուն հավաքվում ու ասում են՝ եկեք հեղափոխությանը քցենք: Չի ստացվի, ձեզ ջախջախիչ պարտություն է սպասվում, որովհետև ժողովուրդն է ձեզ մատնելու ջախջախիչ պարտության»:

«Այս ընտրություններով պետք է լուծել, այսպես կոչված, հակահեղափոխության հարցը վերջնականապես, որ էդ գողացողներն իրենց ծակերից դուրս գալու մասին չմտածեն անգամ: Չմտածեն անգամ առաջիկա հինգ տարիների ընթացքում և ընդհանրապես, հավիտյան», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ժամանակին կարծիք էինք հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը դեռ շատ է ստիպված լինելու հիշեցնել «հակահեղափոխության» դավադրության մասին, քանի որ նոր կառավարությունը համակարգային փոփոխությունների ուղղությամբ հայեցակարգային ու ծրագրային քայլեր չի կատարում: Նոր կառավարության 100 օրվա կապակցությամբ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը կրկին նվիրված էր «հակահեղափոխականներին», նա առաջարկեց մի քանի հեղափոխական քայլեր ու մտադրություններ, որոնք ըստ էության ունեն «ուժային» բնույթ:

Նոր կառավարությունն առայժմ զբաղված է պատճառների եւ ոչ թե հետեւանքների վերացմամբ, իսկ դա անխուսափելիորեն պետք է հանգեցներ «հակահեղափոխականների» աշխուժությանը, ովքեր ներկայում օգտագործում են սահմանադրական հնարավորություններն ու փաստարկները ներքին ու արտաքին ուղղություններով, բարդացնելով իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե եթե նրանք չքվեարկեին իր օգտին, չէին կարող իրենց տները գնալ, գողերը չէին կարող դուրս գալ ծակերից: Բայց նրանք հանգիստ գնացին իրենց տներն ու դուրս եկան ծակերից ոչ թե որ քվեարկել էին իր օգտին,- սա շատ կարեւոր հանգամանք է,- այլ այն պատճառով, որ նոր կառավարությունը չի իրականացրել հեղափոխության օրակարգը: Այս պայմաններում դա «հակահեղափոխության» ձեռքին դարձել է գործիք ու փաստարկ, ինչպես նաեւ «հիշեցում» Նիկոլ Փաշինյանին:

Հիմա էլ կրկնվենք՝ Նիկոլ Փաշինյանը դեռ շատ է հիշեցնելու, որ ինքը պարտական չէ նրանց, եւ հայտարարել, որ եթե պետք լինի՝ նորից հեղափոխություն կանեն:

Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա՝ «հակահեղափոխությունն» իրականում շանսեր չունի, այն ներկայում նոր կառավարության համար կատարում է խրտվիլակի դեր, որի շնորհիվ պետք է արձանագրվի հաղթանակը ընտրություններում: Խնդիրը հետեւյալն է՝ ինչ ուղղությամբ է գնալու Հայաստանը՝ համակարգային փոփոխությունների՞, թե իշխանափոխության տրամաբանությամբ:

Թեեւ, գնալով ակտուալ է դառնում հարցը՝ որքա՞ն «կդիմանա» այդ խրտվիլակը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am