Ի վերջո Հայաստանի քաղաքացին կորոշի, թե ով է լինելու Երեւանի քաղաքապետը. այստեղ շատ մեծ քաղաքական խնդիր էլ չեմ տեսնում հեղափոխության կամ հակահեղափոխության: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, ի վերջո, հեղափոխությունն արվել է նրա համար, որ երկրում ընտրություն լինեի եւ ժողովուրդն ունենա ընտրության հնարավորություն:


Հարցին, թե իր կարծիքով ո՞ւմ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, բայց այսօր գնացել, խորհրդարանում, քուչեքում, ռեստորաններում բանակցում հանրապետականների հետ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Իրեն հարցրեք, ինքը կասի՝ ում նկատի ունի: Ես չեմ բացառում, եթե երկրի վարչապետը նման բան է ասում, նշանակում է ինչ-որ բան գիտի: Համոզված եմ, որ գիտի, դրա համար հարցն իրեն պետք է տալ: Եթե ասի ինձ նկատի ունի, ես կպատասխանեմ, եթե կասի ուրիշին, ուրիշը կպատասխանի»:

Արամ Սարգսյանը նշեց, որ երկրի առջեւ ծառացած խնդիրները պետք է լուծել փոխադարձ հարգանքի մթնոլորտում. «Ես բազմաթիվ ընկերներ ունեմ ՀՀԿ-ականներից, Դաշնակցությունից, նաեւ ԲՀԿ-ից: Իրենց հետ թե հարսանիքների եմ լինում, թե ծնունդների: Ընդհանրապես, ռեստորաններ հաճախող մարդ չեմ: Երեւանի բնակիչները կհիմնավորեն, որ ես գրեթե ռեստորաններում չեմ լինում: Ես Արարատում եմ ապրում, արագ հասնում եմ տուն, ես գյուղն եմ սիրում, իսկ գյուղում ռեստորաններ չկան»:

Նա ընդգծեց, որ այս օրերին քաղաքական հարցեր ամենուրեք են քննարկում. «Մեր կյանքը քաղաքականություն է եւ այս բուռն շրջանում անհնար է մարդկանց հետ խոսել միայն առօրյայից: Մարդիկ հարցնում են, թե ինչպիսին են լինելու հայ-ռուսական հարաբերությունները, ով կհաղթի ընտրություններում, կամ ինչպես է լուծարվելու խորհրդարանը, լուծարվելու է, թե չի լուծարվելու: Որեւէ մեկի հետ որեւէ հարց քննարկելը դժոխքի մեղք չեմ համարում: Այն մարդիկ, որոնք մեղավոր են Հայաստանի առջեւ, պետք է դատվեն, իսկ ով դատված չէ, պետք է իրենց ընտրությունը կատարեն այս ընտրություններում»:

Ինչ վերաբերում է «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանին եւ հարցին, թե ինչու է նա քաղաքապետի պաշտոնը նախընտրում արդարադատության նախարարի պաշտոնից, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Արտակ Զեյնալյանը խորհրդարանական ընտրություններից հետո կարող է եւ չլինել արդարադատության նախարար, որովհետեւ ձեւավորվելու է նոր կառավարություն եւ կարող է նոր նախարար նշանակվել»:

Ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ «ՀՀԿ–ի հետ քուչեքում բանակցող» ասելով