Հայաստանի ու հայ ժողովրդի դժվախտությունների պատճառը միշտ եղել է, երբ բաժանվել ենք Բագրատունիների եւ Արծրունիների, դաշնակցականների եւ բոլշեւիկների, կոմունիստների եւ ՀՀՇ–ականների, ՀՀԿ–ականների եւ մնացածների, նիկոլականների եւ համահեղափոխականների, սեւերի եւ սպիտակների։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ցանկացած բաժանարար գիծ անթույլատրելի է։

«Նրանք, որոնք սեփական հայրենիքում թշնամիներ են փնտրում ու իրենց հռչակում են սպիտակներ, այդ դեպքում ես պատրաստ եմ լինել սեւ»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով. «ՀՀԿ–ն որեւէ քաղաքական ուժի հետ ոչ դալաններում, ոչ դահլիճներում, ոչ ռեստորաններում, ոչ սրճարաններում, որ, ինչպես Փաշինյանն է ասում, քուչեքում, ոչ կանգնած, ոչ պպզած բանակցություն չենք վարում։ Որովհետեւ թեկնածու չենք առաջադրել։ Եթե պետք լիներ մենք մեր թեկնածուին կառաջադրեինք եւ մեր ռեսուրսը կօգտագործեինք մեզ համար ձայն բերելու համար։


Մենք մեր կուսակցական թիմին թողել ենք ազատ, որ ընտրեն նրան, ում ծրագիրը լավագույնը կհամարեն»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե իրենց կուսակիցները ցանկանան ընտրել «Իմ քայլը» դաշինքին, կարող են այդպես էլ վարվել:

«Եթե ցանկանան թող ընտրեն, բայց ես կասկածում եմ: Ինչքան «Իմ քայլը» դաշինքի ղեկավարը եւ թեկնածուն շատ խոսեն, այնքան իրենց շանսերը քիչ կլինեն, որ սառը դատող քաղաքացիներից ձայներ ստանան»:

Շարմազանովն անդրադարձավ նաեւ ստեղծված քաղաքական իրավիճակին՝ նկատելով, որ Հայաստանում թիվ մեկ քաղաքական մարմինը Ազգային ժողովն է. «խնդրում եմ քաղաքապետի եւ ավագանու ընտրությունները չկապել ապագա քաղաքական գործընթացների հետ: Անկախ նրանից ով կլինի իշխանություն քաղաքում կամ ով չի լինի, մենք մեր քաղաքական գործընթացները պետք է անենք այնպես, ինչպես, ըստ մեզ, պետք է մերպետական շահերին»: