Համացանցում տարածվել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը: Նրանք զրուցում են Քոչարյանի ու Խաչատուրովի կալանավորման, դատավորի պահվածքի, Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին:

Հրապարակմանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ փաստացի գաղտնալսել են ԱԱԾ պետին կամ ՀՔԾ պետին: Նա ասել է նաեւ, որ բոլոր մարդասպանները պատժվելու են:

Ըստ էության, հեռախոսազրույցում չկա որեւէ կրիմինալ, բացի դատավորի պահից, որը կարող է գնահատվել որպես ճնշման ապացույց: Ընդհանուր առմամբ, գաղտնալսման ու դրա հրապարակման փաստը հարված է պետությանը, նոր իշխանությանը եւ իրավապահներին:

Ո՞վ է գաղտնալսել այս պաշտոնյաներին: Ի պաշտոնե նրանց հեռախոսները պետք է որ այսպես ասած պաշտպանված լինեն: Մյուս կողմից, պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ հեռախոսազրույցի պահին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը գտնվել է Մոսկվայում:

Իր հերթին, հիշվում է Հայաստանում մի քանի տարի առաջ բռնկված սկանդալը, երբ պարզվեց, որ հայ օլիգարխներից մեկը, ով գործում էր Քոչարյանի «հովանու ներքո», ուներ գաղտնալսող գերժամանակակից համակարգ:

Ներկայիս սկանդալը, մյուս կողմից, կարող է կատալիզատորի դեր խաղալ եւ վերջնականապես պայթեցնել հին համակարգը, որի հետ էլ «ասոցացվում» է գաղտնալսման թեման:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am