Եթե մենք զանգովի արդարադատություն իրականացնեինք, ԱԺ դահլիճի կեսը հիմա այստեղ նստած չէր լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով ՀՀԿ–ի կողմից հնչող մեղադրանքներին՝ պատգամավորը նշեց, որ նրանք դուրս չեն եկել այն Հայաստանից, որն իրենք ստեղծել եւ որում ապրել են. «Ինչպես հայելու մուլտֆիլմում՝ նրանք նայում են հայելու մեջ եւ կարծում են, որ մենք գործում ենք եւ գործելու ենք նման ոճի մեջ։ Եթե մենք զանգովի արդարադատություն իրականացնեինք, դահլիճի կեսը հիմա այստեղ նստած չէին լինի, եւ այն մարդիկ, որոնք այսօր ազատության մեջ են, ազատության մեջ չէին լինի։ Ինչի՞ մեջ են մեզ մեղադրում։ Մեզ մեղադրում են, որ այն մարդկանց, որոնք հանրության կարծիքով հանցագործ են, մենք բաց ենք թողում, հիմա եկեք կողմնորոշվենք՝ ո՞ր մեղադրանքն է ավելի ճիշտ՝ այն, որ մենք մարդկանց ուղղակի բաց ենք թողում, թե՞ որ մենք զանգով ինչ–որ մեկին բանտարկում ենք»,-ասաց «Ելք»-ի պատգամավորը:


Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ վարչապետը երբեք իրեն թույլ չի տվել խառնվել դատական իշխանությանը։

Իսկ ԱԱԾ տնօրենի մասով պատգամավորը նկատեց՝ ինքն էլ հաճախ առանձնազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետ, հարցրել է՝ ի՞նչ է կատարվում, որին ի պատասխան Վանեցյանը նշել է, որ չեն խառնվում։

Երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից քաղաքական տեռորի մեղադրանքների մասին հարցին Ալեն Սիմոնյանը հիշեց. «Պարոն Աշոտյանը պատրաստակամություն էր հայտնում բոլոր խոշտանգվածների հարցերով զբաղվել, խնդրում էր դիմել իրեն, խնդրում եմ՝ հարցրեք քանի՞ հոգի է դիմել պարոն Աշոտյանին։ Ի՞նչ հեքիաթների մասին են հիմա խոսում։ Իրենք մեզ պատկերացնում են իրենց պես մարդակեր ռեժիմ»։

Պատգամավորը երեկ տարածված ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾԽ պետի հեռախոսազրույցի ձայնագրության առնչությամբ վստահություն հայտնեց, որ մոտ ժամանակներս կպարզվի, թե ովքեր են հեղինակները եւ կպատժվեն։

Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է:

Նշենք, որ այդ հեռախոսզարույցի ժամանակ Վանեցյանը մասնավորապես, ասել է. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»:

Ավելի ուշ Դավիթաշենում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. ««Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին եւ նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության: Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»: