Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի մասնակցությամբ Երեւանում բացվել է Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը:

Իր ելույթում վարչապետը շնորհավորել է Միկաել Ժանին ֆորումի բացման կապակցությամբ եւ նշել, որ այսօր Երեւանում նրա ներկայությունը նույնքան խորհրդանշական է, որքան կարեւոր, քանի որ մեկ ամսից Հայաստանն ընդունելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ֆորումի մասնակից բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ հավելել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բնութագրեցին քաղաքացիական շարժման ուժը: «Այդ իրադարձություններին երիտասարդների, կանանց եւ տղամարդկանց մասնակցությունը ցույց տվեց, թե որքան կարեւոր է քաղաքացիական հասարակությունը, որքան կարեւոր են մեր երկրում ժողովրդավարության, համերաշխության արժեքները, որ մենք ունենք եւ որոնք կիսում ենք Ֆրանկոֆոնիայի մեր բոլոր բարեկամների հետ: Հպարտությամբ եմ նշում, որ մեր երկիրը կարեւոր գործ է ստանձնում եւ կարեւոր հանգրվան է ապրում՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը:


Ցանկանում եմ վստահեցնել, որ մեր կառավարությունը, ինչպես եւ ամբողջ Հայաստանը, մոբիլիզացրել է իր ուժերը, որպեսզի հյուրընկալության լավագույն ավանդույթներով հյուրընկալի գագաթաժողովի մասնակիցներին: Հույս ունեմ, որ այս գագաթաժողովը կնպաստի Ֆրանկոֆոնիայի զարգացմանն ամբողջ աշխարհում, եւ Հայաստանը կդառնա Ֆրանկոֆոնիայի դիվանագիտական ակտիվ գործունեության կենտրոններից մեկը.կազմակերպության անդամ եւ դիտորդ 84 երկրի եւ կազմակերպությունների պատվիրակությունների մասնակցությունը գագաթաժողովին կտա մի նոր ուժ: Մասնակիցները նաեւ կկարողանան բացահայտել Հայաստանն ու նրա մշակութային արժեքները, որոնք կազմում են ֆրանկոֆոն տարածքի մասը: Համոզված եմ, որ գագաթաժողովը կլինի անմոռանալի, եւ մենք կարձանագրենք մեծ հաջողություններ»,- նշել է վարչապետը՝ ֆորումի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանն իր հերթին նշել է, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին հայ ժոդովուրդը պատրաստվում է իրեն բնորոշ հյուրընկալությամբ: «Մեզ համար մեծագույն պատիվ է գագաթաժողովն անցկացնել մի երկրում, որտեղ տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, խաղաղ իշխանափոխություն»,-ասել է Միկաել Ժանը՝ հավելելով, որ Երեւանում հնարավորություն է ունեցել հանդիպել երիտասարդների, ովքեր քաղաքացիական պատասխանատվություն են ստանձնել՝ առաջ տանելու թավշյա հեղափոխության ձեռքբերումները:

Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների ֆորումին մասնակցում են շուրջ 200 ՀԿ ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից եւ գրեթե բոլոր մայրցամաքներից: