Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը չի ուզում այս սեւ ու սպիտակը, որ մենք չունենք այդ խնդիրը։ Այդ մասին ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 12–ին, «Լույս» դաշինքի նախընտրական հանրահավաքին։

Նա հավելեց՝ իրեն շատ է տխրեցրել, որ սեւ ու սպիտակը դարձել է կարեւոր. «Ինչ է նշանակում, որ մեր հանրությունը պիտի մեծամասնության մեջ իր քվեն տա Հայկ Մարությանին կամ որեւէ այլ թեկնածուի։ Որ, եթե դու «Իմ քայլը» դաշինքին չես քվեարկում կամ էդ դաշինքի հետ չես, ուրեմն դու հակահեղափոխական ես կամ Հանրապետականի հետ ես»։


«Հանրապետություն» կուսակցության նախագահն ասաց, որ իրեն հազարավոր մեղքերի մեջ կարելի է մեղադրել, բայց ոչ գործարքի գնալու, դա նույնիսկ սրբապղծություն կլիներ։

Արամ Սարգսյանը փորձեց տրամաբանորեն հետեւել կոչին. «Եթե լսում ենք էդ կոչին, ի՞նչ ենք անելու. Արտակ Զեյնալյանը հրաժարվելու է Երեւանի քաղաքապետ է դառնալու իր թիմից ու մենք գնալու ենք, միանալու ենք «Իմ քայլը» դաշինքին եւ պաշտպանելու ենք Հայկ Մարությանին։ Հետո մնացածներն էլ, որպեսզի սեւ չլինեն, ասենք՝ Նաիրա Զոհրաբյանը նույնպես պիտի հրաժարվի ու միանա Հայկ Մարությանին ու էսպես 10 հոգի։ Ու սա մենք համարելու ենք ժողովրդավարությո՞ւն, արդար ընտրությո՞ւն, մենք այդպիսի՞ ընտրություն ենք ուզում»։

Արամ Սարգսյանը հակադարձեց մտքին, որ եթե գործող վարչապետը վստահելի է, կա հակահեղափոխություն, ուրեմն պետք է ընտրել Հայկ Մարությանին. «Ի՞նչ է նշանակում հակահեղափձոխությունը չգա, ո՞վ է էդ հակահեղափոխությունը. էն ուժը, որը հակահեղափոխական է, էդ ուժի անունը ՀՀԿ է, էդ կուսակցությունը քաղաքապետի ընտրություններին չի մասնակցում, չկա ոչ մի հակահեղափոխություն, ժողովուրդ ջան, տենց բան չկա»։

«Ելք» դաշինքի պատգամավորի համոզմամբ՝ կա Ռոբերտ Քոչարյան, որը խնդիր ունի չդատվելու. «Էսքան բան ու եթե մտածում ենք, որ Արտակ Զեյնալյանին առաջադրելով կամ Արտակ Զեյնալյանի՝ Երեւանի քաղաքապետ դառնալով Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կարող է հեշտանալ, դրա համար ֆանտաստիկ երեւակայություն է պետք ունենալ»։

Արամ Սարգսյանը հարց ուղղեց. «Եթե Արտակ Զեյնալյանին չենք վստահում այդ հարցում,վստահում ենք Հայկ Մարությանին, էդ դեպքում ոնց ենք Արտակ Զեյնալյանին վստահում արդարադատության նախարարի պաշտոնը, ես էս էլ չեմ հասկանում»։

«Ելքի» պատգամավորը եզրափակեց. « Հեչ սրտովս չի էս ամենը» ու հավելեց՝ իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ Հանրապետականները ուզում են Արտակ Զեյնալյանին իրենց քվեն տալ, որովհետեւ Արտակ Զեյնալյանը ազնիվ մարդ է, հայրենասեր է, շատ լուրջ է, կարելի է վստահել։