Վստահեք կնոջը՝ կանայք ավելի հոգատար են, կանայք ավելի պատվախնդիր են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը՝ Շենգավիթ վարչական շրջանում ԲՀԿ քարոզարշավի ժամանակ:

ՙԵրեւան կառավարումը ԲՀԿ-ին եւ ինձ վստահելով՝ այն անկաշառ ձեռքերի եք հանձնելու: Աբսուրդ է մտածելը, որ Գագիկ Ծառուկյանը եւ մենք մտածենք Երեւանի բյուջեից որեւէ շահ ունենալու մասին՚,-ասաց քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն:


Իբրեւ իրենց եւ այլ ուժերի տարաբերություն՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց ԲՀԿ-ի առաջարկած կոնկրետ լուծումները եւ հաստատված ներդրումային ծրագրերը Երեւանի խնդիրները լուծելու համար:

ԲՀԿ-ը թեկնածուն նաեւ խոստացավ Երեւանում աղբամշակման գործարան կառուցել:

Նա նկատեց, որ տասնյակ տարիներ ՀՀ-ում չի իրականացվել սոցիալական բնակարանաշինություն:

«Մենք առաջարկում ենք առանց կանխավճարի, 30 տարի մարման ժամկետով բնակարաններ. նույնիսկ նրանք, ովքեր այսօր չեն կարողանում ամուսնանալ, չեն համարձակվում երեխա ունենալ, կարողանալու են օգտվել այդ ծրագրից»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց, որ քաղաքային նախորդ բոլոր իշխանությունները թալանել են Երեւանի բյուջեն՝ 80 միլիարդը. ՙՎստահեք ինձ եւ Երեւանից այլեւս որեւէ մեկը 1 լումա չի գողանալու՚:

Քարոզարշավը քաղաքական բանավեճի ուղի տեղափոխողների գործելաոճը Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանեց. «Որովհետեւ Երեւանի խնդիրները լուծելու հարցում իրենք պարտվելու են: Մենք ունենք ներդրումային ծրագրեր, որոնք ուղղակի ափսոս են, որ չիրագործվեն»։