Արմավիրի մարզում, սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։30-ի սահմաններում Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են 36-ամյա Սարգիս Գ.ի վարած Mercedes մակնիշի 35 PX 145 համարանիշի եւ 21-ամյա Սեւակ Հ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 TT 889 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով «07»-ի ուղեւոր 23-ամյա Նարեկ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 23։30-ի սահմաններում մահացել է։


Աղբյուրի տեղեկություններով, բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ջրահեռացման համար նախատեսված հատվածում, իսկ Mercedes- վարորդն էլ, ըստ դեպքի վայրում հավաքվածների հայտարարության, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։