Մեր զրուցակիցն է ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը

Տիկին Նազարյան, ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերի հարցազրույցները, որտեղ նա բռնապետ է անվանում Նիկոլ Փաշինյանին, ապա սպառնում, թե վերջինս կփոշմանի իր հետ գլուխ դնելու համար, խոսում վերադառնալու հիմքերի մասին:

Քոչարյանն անցած ժամանակ է Հայաստանի համար: Մեր կյանքում այլևս չի կարող վերադառնալ մեկը, ում թիկնապահը սրճարանի զուգարանում մարդ է սպանում, ով մարդկանց դուրս է շպրտում տներից Հյուսիսային պողոտայում, ով զինված բանակ է բերում քաղաքացիների դեմ, ում ընտանիքը Հայաստանի ամենախոշոր բիզնեսների սեփականատերն է կամ մասնաբաժիններ ունի: Ուղղակի հնարավոր չէ: Այդպիսի անցյալը կարող է վերադառնալ բացառապես վերաիմաստավորվելու համար, բայց ոչ երբեք իրականության տեղը գրավելու համար: Փաշինյանին բռնապետ անվանելով երբեմնի առյուծ սպանողը երևի փորձում է դիրքավորվել իր համար անսովոր ու շատ անհարմար ընդդիմության դերում, փորձում է զոհ ներկայանալ, բայց մեկ էլ հաջորդ իսկ պահին սկսում է սպառնալ: Այ, սա արդեն իրական Քոչարյանն է:

Ընդհանրապես, ի՞նչ եք կարծում, այսօր հեղափոխությանը վտանգ սպառնո՞ւմ է, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանի ելույթներից տպավորություն է, որ ռեալ վտանգ կա։ Նա վերջին օրերի իր ելույթում մի քանի անգամ նշեց, որ հեղափոխության պաշտպան էին ներկայանում ոմանք, իսկ հիմա քուչեքում և ռեստորաններում բանակցում են ՀՀԿ–ի հետ։

Հեղափոխությանը վտանգ չի սպառնում, որովհետև այն ունի ժողովրդի, պետական կառավարման համակարգի և ուժային մարմինների աջակցությունը: Բայց հեղափոխության անցումային փուլերում ենք գտնվում, և այս ընթացքում հնարավոր են տարբեր ռիսկեր ու աբսուրդ բաներ. ԱԱԾ-ին գաղտնալսում են, Հայաստանի օրենսդրի բարձրաստիճան պաշտոնյան երկիրը ԵԽԽՎ-ում ներկայացնում է որպես բռնապետություն, կարող է մեկ էլ փորձ արվի ընտրություններում փողը կամ այլ ռեսուրսներ օգտագործել ընտրական կամքի ձևավորման համար, ու թեև ԱԺ-ն է ձևավորում կառավարությունը, բայց հենց կառավարությունը պետք է ձև գտնի` ԱԺ-ն լուծարելու:

Սյուրռեալիստական ժամանակներում ենք ապրում, ու անհրաժեշտ է յուրաքանչյուրի աչալրջությունը, աջակցությունը, ճիշտ տեղեկության փոխանցումը, թե ասվածի, թե գաղտնալսվածի կոնտեքստը հասկանալը: Իհարկե, պետք է ասեմ նաև, որ ինձ բոլորովին դուր չի գալիս, որ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց թույլ են տալիս խոսքի մեջ, լինի դա ուղիղ եթեր, թե հեռախոսազրույց, օգտագործել այնպիսի ձևակերպումներ, որոնք կարող են տարբեր մեկնաբանություների տեղիք տալ, որոնք կարող են ընկալվել որպես խոսքի ու գործի տարբերություն:

Իսկ ինչ վերաբերում է ռեստորաններում ՀՀԿ-ի հետ բանակցողներին՝ ես տեղեկություններ չունեմ, թե ում է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը: Քանի դեռ նա անուններ չի հնչեցնում, ես կռահումներ չեմ ուզում անել:

Ընդհանրապես ովքե՞ր են հակահեղափոխականները, ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը։

Նայած թե որ համատեքստում է խոսակցությունը: Եթե ընտրական, ապա հակահեղափոխականներ են փողով ընտրական կամք ձևավորող թեկնածուները, ընտրակաշառք տվողներն ու ստացողները: Եթե բիզնեսի համատեքստում է, ապա հարկերը թաքցնողները, մենաշնորհներով մրցակցությունը խեղդողները: Եթե արդարադատության կոնտեքստում է, ապա ծախու դատավորները: Ցանկացած քաղաքացի, պաշտոնյա և քաղաքական գործիչ, ով փորձում է գործել օրինականության դաշտից դուրս, գործում է հեղափոխության դեմ:

Օլիգարխների թիկնազորներին զինաթափելու հրաման տվեց Նիկոլ Փաշինյանը։ Հիմա մի քանի օր է այս ուղղությամբ աշխատանքներն են իրականացվում։ Ինչպե՞ս եք գնահատում։ Շատերի գնահատմամբ՝ մեթոդաբանությունը՝ գետնին պառկեցնելու և զինաթափելու, ճիշտ չի ընտրված։

Իհարկե, կա զինաթափելու ավելի արժանապատիվ մեթոդ: Անօրինական զենք ունեցողները կարող են ինքնակամ հանձնել այն իրավապահ մարմիններին: Եթե այս մեթոդով չեն առաջնորդվում, ապա պետք է պատրաստ լինեն, որ մի օր էլ բռնի կերպով կզինաթափվեն:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն էր, և պարզվեց, որ Ազգային ժողովը Քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով, քանի որ գործով նախաքննություն է ընթանում։ Այնուամենայնիվ, այն ստեղծվեց պատգամավորների մեկ քառորդի ստորագրությամբ։

ԱԺ կանոնակարգով քննիչ հանձնաժողով ստեղծվում է 27 պատգամավորների ստորագրությամբ: ՀՀԿ-ն, իհարկե, մասնատված է, բայց դեռ ինչ որ հենարան ունի ԱԺ-ում և դա օգտագործելու է տարբեր քաղաքական նպատակների համար: Այդ քննիչ հանձնաժողովի ստեղծման հետ կապված մեր միակ անհամաձայնությունն այն էր, որ կանոնակարգում կա սահմանափակում. քննիչ հանձնաժողովում չի կարող քննվել մի հարց, որը գտնվում է քնննության փուլում: Հայտնի գաղտնալսման փաստով հարուցվել է երկու քրեական գործ՝ գաղտնալսողին հայտնաբերելու և գաղտնալսվածերի ծառայողական լիազորություների հնարավոր չարաշահուը պարզելու համար: ՀՀԿ խմբակցությունն ասում է, որ իրենք ուզում են քննել ընդհանուր խնդիրը, ոչ՝ կոնկրետ դեպքը, բայց, ես կարծում եմ, որ հանձնաժողովն այդ քննության ընթացքում անխուսափելիորեն մտնելու է այն հարցերի դաշտը, որոնք նախաքննության շրջանակում են, նախաքննության գաղտնիք են, հանձնաժողով հրավիրվող անձինք՝ պաշտոնյաները, գործով վկաներ են, ու այս իմաստով հանձնաժողովը չի կարողանալու ստանալ տեղեկություններ ու ԱԺ-ին ներկայացնել բովանդակային զեկույց այս հարցով: Ես կողմ կլինեմ, որ այս հարցը ԱԺ-ում մանրամասն քննարկվի ավելի ուշ:

ԱԺ արտահերթ ընտրություններն այսօր արդեն հրամայակա՞ն չեն։

Ամեն օր կա այդ հրամայականը:

Քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթացն արդյոք չապացուցեց, որ ՀՀԿ–ականները որևէ կերպ պատրաստ չեն խորհրդարանի լուծարմանը։

Իրենք նաև պատրաստ չէին Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ