Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ֆրանսիայի նախագահական Ելիսեյան պալատ:

Ինչպես Փարիզից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ելիսեյան պալատի մուտքի մոտ նրան դիմավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:

Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել էր Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ էր դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք էր ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել էր «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: