Ստամբուլահայ հայտնի հասարակական գործիչ, լրագրող, հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքն այսօր` սեպտեմբերի 15-ին կդառնար 64 տարեկան:

Հրանտ Դինքը ծնվել է Մալաթիայում, 1954 թվականի սեպտեմբերի 15-ին: 1961 թվականին նրա ծնողները Ստամբուլ տեղափոխվելուց հետո բաժանվեցին, որի հետեւանքով Հրանտը եւ 2 եղբայրները տեղավորվեցին Ստամբուլի Գեդիկփաշայի մանկատանը:


Պատանեկան տարիքում հրապուրվել է ձախակողմյան կուսակցություններով եւ սկսել քաղաքականության մեջ մտնել Թուրքիայի կոմունիստական կուսակցության ուղեգծով: Ստամբուլի համալսարանի բանասիրության ֆակուլտետն ավարտելուց որոշ ժամանակ անց ամուսնացել է մանկատան մյուս սաներից Ռաքելի հետ:

Եղբայրների հետ միասին տպարան են բացել եւ Ռաքելի հետ համատեղ Արեւմտյան Հայաստանից եկած իրենց պես անծնող երեխաների համար ստեղծված ճամբարը ղեկավարել: Սակայն պետությունն ճամբարի բացումից 21 տարի հետո այն բռնագրավեց: Զինվորական ծառայության է անցել Դենիզլիի հետեւակային գնդում:

Թերթերում աշխատանքը սկսել է որպես լույս տեսած գրքերի ընդդիմախոս եւ սկսել է հայտնի դառնալ նրանով, որ բավականին ուղղումներ է արել մամուլում լույս տեսած հրապարակումների հետ կապված:

«Ստամբուլի հայ հասարակությունը շատ փակ է ապրում: Եթե մեզ լավ ներկայացնենք, նախապաշարումները կկոտրվեն»-ասում էր Հրանտ Դինքը` նախապատրաստվելով հայերենով եւ թուրքերենով թերթի հրապարակմանը:

1996 թվականի ապրիլի 5-ին լույս տեսավ «Ակոս»-ի առաջին համարը: Թերթի գլխավոր խմբագրի պաշտոնն ստանձնեց Հրանտ Դինքը: Բացի «Ակոս»-ից, գրում էր նաեւ «Զաման» եւ «Բիրգյուն» պարբերականներում:

Նրա դեմ բացահայտ հետապնդումներն սկսվել են այն բանից հետո, երբ նա գրեց, թե Աթաթուրքի որդեգրած աղջիկը Ցեղասպանությունից փրկված հայուհի է եղել, ով հանդիսանում է նաեւ Թուրքիայի առաջին կին օդաչուն: Այնուհետ թուրքական Hurriyet-ը եւ մի քանի այլ թերթեր Դինքին սկեցին գլխավոր էջերում որակել որպես դավաճան` հող նախապատրաստելով նրա սպանության համար:

«Ռոյթերս»-ին տված հարցազրույցում Դինքն ասում էր. «Այո, 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն է, քանի որ 4 հազար տարի այս հողերում ապրած մի ժողովուրդ եւ նրա քաղաքակրթությունն արդեն չկա»:

Դինքի դեմ կան մի անի դատական գործեր, որոնցից մեկով` տխրահռչակ 301-րդ հոդվածով նա դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման, սակայն պատիժը հետաձգվեց: Դինքն այդ վճռի բողոքարկումը հասցրեց մինչեւ Եվրադատարան եւ ցավոք, միայն նրա մահից հետո` 2010 թվականի սեպտեմբերի 15-ին` նրա ծննդյան օրը, Եվրադատարանը Դինքին արդարացրեց եւ թուրքական իշխանություններին պարտավորեցրեց փոխհատուցել Դինքի ընտանիքին:

2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց «Ակոս» խմբագրության դիմաց: Նրա սպանության գործով դատը Թուրքիայում տեղի ունեցած բազմաթիվ ամոթալի դատական գործերից մեկն է: Սպանության գործով անչափահասների համար նախատեսված դատարանում 25 տարվա ազատազրկման դատապարտվեց Օգյուն Սամասթը, ով որոշակի արտոնություններից օգտվելով` կարող է 10 տարի անց հայտնվել ազատության մեջ: Մյուս ազատազրկման դատապարտվածը Յասին Հայալն է, ում չնայած դատարանը ցմահ է տվել:

Թեեւ դատավարության ժամանակ մի շարք սկանդալային վկայություններ եղան, որոնք ապացուցում էին, որ Դինքի սպանության մասին նախօրոք տեղյակ են եղել ոստիկանությունն ու ժանդարմերիան, սակայն ոչ ոք լուրջ պատիժ չկրեց դրա համար:

Ավելին, Դինքին սպանած Օգյուն Սամասթի հետ Թուրքիայի դրոշով նկարված թուրք ոստիկանի պաշտոնը բարձրացվեց:

Միայն 2013-ի մայիսին Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը վճռաբեկ 9-րդ դատարանում բեկանվելուց հետո ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան: Վճռաբեկ 9-րդ դատարանի որոշման մեջ Դինքի սպանության գործով դատապարտվածներին վերագրվել է «զինված հանցանք գործելու համար կազմված խմբավորման անդամներ» մեղադրանքը։ Ավելի վաղ, դատարանի որոշման մեջ չկար զինված խմբավորման անդամներ լինելու մասին որոշում, ինչը թեթեւացրել է մեղավորների պատիժները։

Վճռաբեկը միեւնույն ժամանակ հաստատել է Դինքի սպանության ուղղորդողներից Յասին Հայալի նկատմամբ դատարանի կայացարած ցմահ ազատազրկման դատապարտելու որոշումը։

Դինքի սպանության գործով դեռեւս ընթացող դատավարության մեջ կարեւոր զարգացումներից է այն փաստը, որ սպանության մեջ որպես կասկածյալ ձերբակալվել են բարձրաստիճան ոստիկաններ, զինվորականներ եւ պաշտոնյաներ։ Սակայն ձերբակալվածների մեծ մասը նաեւ գյուլենական լինելու մեջ են մեղադրվում, ինչը նաեւ իշխանությունների հաշվեհարդարն է գյուլենականների նկատմամբ, ոչ թե իրապես սպանության բացահայտման ձգտումը։

Անդրանիկ Իսպիրյան