Երեւանի ավագանու նախընտրական արշավի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա սեւերի ու սպիտակների, հեղափոխության ու հակահեղափոխության միջեւ պայքար է, եւ սեւերը սկսել են քուչեքում ու ռեստորաններում հանդիպել նախկին վարչակարգի էմիսարների հետ՝ աջակցության համար: Նա ակնարկել էր այն ուժերին, որոնք աջակցել էին հեղափոխությանը:

Նա կոչ էր արել նաեւ ոչ մի ձայն չտալ սեւերին:

Ենթադրվում էր, որ այդ ուժերը ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Ելքի գործընկեր կուսակցություններն են, քանի որ խորհրդարանական այլ «աջակիցներ» չկան: Մի քանի օր անց արդեն կասկածներ չմնացին՝ սեւերն իրենք երեւակվեցին ու սկսեցին վիճարկել վարչապետի այդ հայտարարությունը:

Այս օրերին արդեն իսկական «փոխհրաձգություն» է սկսել սեւերի ու սպիտակների միջեւ: Սեւերը Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին մեղադրում են դաշտը բաժանելու, հեղափոխական էյֆորիան օգտագործելու, գաղափարների ու ծրագրերի մրցակցությունից շեղելու մեջ, իսկ Փաշինյանի կողմնակիցներն էլ նրանց հիշեցնում են անցած ուղին:

Փորձագետները նշում են, որ հեղափոխական ուժերի մարտավարությունը շատ հստակ է՝ դաշտը նման կերպ սահմանագծելով՝ փաստի առաջ կանգնեցնել քաղաքական ուժերին ու ընտրողներին: Մյուս կողմից, հեղափոխության շրջանում նման մեթոդաբանության մեջ ոչ մի արտառոց բան չկա, առավել եւս հաշվի առնելով սեւերի անցած հետագիծը: Իսկ այն նախկին վարչակարգի հետ պերմանենտ գործարքների, իշխանության յուրացման ու այլ հանցագործությունների համամասնակցության հետագիծ է:

Այսինքն, սեւերը լիարժեք ու հավասար պատասխանատվություն են կրում նախկին վարչակարգի հետ՝ նրա ծրագրերին աջակցելու համար:

Ցանկալի կլիներ իհարկե, որ ընտրությունները տեղի ունենային լիովին այլ մթնոլորտում ու մեթոդաբանությամբ: Բայց քաղաքական ուժերի միջեւ կասկածները, որն իր հերթին խորացնում են Քոչարյանն ու ՀՀԿ-ն, իշխանության ձեւավորման եւ ընտրությունների որկու տասնամյակների ավանդույթի իներցիան եւ այլ գործոններ դեռ երկար են իրենց զգացնել տալու:

Մինչ այդ, սեւերը հայտնվել են բարդ իրավիճակում մի շարք հանգամանքների բերումով: Նրանց մնում է կամ ուղիղ առճակատումը, կամ համակերպվելը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am