«Ծառուկյան դաշինքն ապրիլի 17-ին 9 պատգամավորով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ինչպես նաեւ այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի մեջ է եղել ՀՀԿ-ի հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ մեկնաբանելով Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունն այն մասին, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա փեսայի բարեկամներն են ներառված «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում։

Հաստատելով, որ ցուցակում ներառված է Միքայել Մինասյանի սանիկը՝ Լենա Նազարյանը սկսել է քննադատել Նաիրա Զոհրաբյանին՝ հայտարարելով, որ նա այն պատգամավորներից մեկն է եղել, որը 2008 թվականի մարտին կողմ է քվեարկել արտակարգ դրությանը։


«2008 թ. մարտի 21-ին, մարտի 1-ից 20 օր հետո, տիկին Զոհրաբյանը կողմ է քվերակել Երեւանում մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու ԱԺ որոշմանը: Բազում տեսանելի եւ անտեսանելի կոալիցիաների մեջ է գտնվել ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ: Եվ այս ամենից հետո իրենք մեզ ինչ-որ մեղադրանքներ են ներկայացում ՀՀԿ-ի հետ համագործակցության մասով»,–նշեց Նազարյանը։

Նկատենք, սակայն, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը, լրագրողների հետ զրույցում, ընդհակառակը, հերքել է, որ ցուցակում ներառված են մարդիկ, որոնք ինչ–որ կապ ունեն Սարգսյանի կամ Մինասյանի հետ։