Երեւանի քաղաքապետի Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քարոզարշավի ավարտից 4-5 օր առաջ բավական սրել է հռետորաբանությունը Իմ քայլը դաշինքի հանդեպ, որը փաստացի ներկայացնում է նոր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանին:

ԲՀԿ պատգամավորները այդ հանգամանքը բացատրել են նրանով, որ դա ԲՀԿ թեկնածուի դեմ օրեր շարունակ տարածվող տեղեկատվական արշավին տրված արձագանք է: Ըստ նրանց, այդ արշավը իրականացվում է նախարարության աշխատակիցների եւ ֆեյքերի միջոցով:

Զարմանալի չէ, որ ԲՀԿ-ն հենց այդ կերպ է պարզաբանում իր թեկնածուի զգալիորեն սրված եւ կոշտացած հռետորաբանությունը: Դա բնորոշ է գործնականում բոլոր ուժերին, որոնք իրենց սրությունը եւ կոշտությունը միշտ պատճառաբանում են իրենց հանդեպ ավելի վաղ սկսվածով եւ որպես կանոն ներկայանում են պատասխանող, ոչ թե սկսող կողմ: Այն, որ տեղեկատվական արշավ կա, աներկբա է, ինչքան որ աներկբա է նաեւ այն, որ տեղեկատվական արշավ կա գործնականում բոլորի դեմ, այդ թվում նաեւ գործող իշխանության: Ու այստեղ իհարկե իրավիճակը ընդհանուր առմամբ օբյեկտիվ է այնքանով, որքանով օբյեկտիվ է տեղեկատվական ներկայիս դարաշրջանը, որը գործնականում բոլորի համար է հասանելի դարձնում տեղեկատվություն տարածելու հնարավորությունը:

Բարգավաճ Հայաստանի համար կա սակայն առավել խորքային քաղաքական խնդիր, որի մասին առիթ է եղել խոսել մի քանի անգամ: Այդ կուսակցությունն ունի Հայաստանի նոր իրավիճակում իրեն գտնելու, տեղ, դեր, քաղաքական գոյության իմաստ եւ առաքելություն գտնելու խնդիր: Նախորդ համակարգում ԲՀԿ-ն ձեւավորվել է «էլիտաների» պայքարի արդյունքում, որ սրվել էր 2007-08 թվականների ընտրական փուլին ընդառաջ: Այդ փուլն առանձնահատուկ էր նրանով, որ Հայաստանում առաջին անգամ պետք է տեղի ունենար Առաջին դեմքի կարգավիճակի փոխանցում: Ռոբերտ Քոչարյանն ուներ դրա վերաբերյալ իր պատկերացումն ու պլանները, Սերժ Սարգսյանը՝ իր:

Խիստ հատկանշական է, որ գրեթե համաժամանակ Սերժ Սարգսյանը վերցնում էր ՀՀԿ-ն, իսկ Ռոբերտ Քոչարյանը ձեւավորում էր ԲՀԿ-ն: Այդ մասնակցությունը նա խոստովանել է տարբեր անուղղակի առիթներով, ընդհուպ այն, որ դեռեւս այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտնել է ԲՀԿ անդամ դառնալու ցանկություն, ինչին ինքը պատասխանել է, թե դեռ նպատակահարմար չէ՝ նա արտգործնախարար է: Հարց է առաջանում, այդ ինչու՞ հանկարծ արտգործնախարար Օսկանյանը ունեցավ նոր ստեղծվող եւ դեռ անորոշ հեռանկարով կուսակցությանն անդամակցելու ցանկություն:

Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի համար դիտարկվում էր նախագահի հաջորդ թեկնածու, իսկ ԲՀԿ-ն՝ խորհրդարանի հաջորդ մեծամասնության կրող, կամ հաջորդ կոալիցիայի լոկոմոտիվ: Գագիկ Ծառուկյանն այդ իմաստով ամենահարմար ֆիգուրն էր: Նա ուներ շատ փող, ուներ որոշակի հանրային խարիզմա եւ ժողովրդականություն, միեւնույն ժամանակ չուներ քաղաքական մտածողություն եւ փորձ, հետեւաբար բավական հեշտ էր այդ իմաստով նրան «վերահսկելը» եւ ազդեցության գոտում պահելը:

Բայց հաղթեց Սերժ Սարգսյանի պլանը: Այդ պայքարին տարբեր հրապարակումներով անդրադառնալու առիթներ էլ եղել են: Դժվար է իհարկե ասել, թե ինչ կլիներ ԲՀԿ հետ, եթե 2008-ին չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ հետո նաեւ Մարտի 1-ի գործոնը: Սակայն դրանից հետո իշխանությունը զգաց որոշակի բուֆերի, անվտանգության բարձիկի կարիք, որի դերը կատարում էր ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն մի կողմից ձեւավորվեց «էլիտաների» շահերի բախման արդյունքում, մյուս կողմից 2008-ի իրավիճակից հետո ավելացավ եւս մի գործոն՝ ընդհանուր շահ «բուֆերի» հարցում:

Գործնականում այդ առաջին հայացքից իրարամերժ գործոնների միջոցով՝ իշխանության հարցում շահերի բախում, իշխանությունը պահելու հարցում՝ համատեղ շահ, այդուհանդերձ ձեւավորվեց ԲՀԿ տասնամյա գոյության իմաստն ու «առաքելությունը»:

Թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակն այլ է, ու թեեւ ԲՀԿ-ն վերջին պահին հայտարարեց հեղափոխությանը միանալու մասին, այդուհանդերձ ներկայում կա խնդիր՝ ինչ անել հետո, ինչի համար, ու՞մ համար:

Այստեղ առաջանում է մեկ այլ նուրբ հանգամանք: Քաղաքականությունը Գագիկ Ծառուկյանի համար փաստացի եղել է նախորդ իշխանության «էլիտաների բախման» հետեւանքով առաջացած ինքնապաշտպանական անհրաժեշտություն: Միեւնույն ժամանակ նա մի քանի անգամ բավական մոտ է եղել այդ բախման «արանքում» ճզմվելու վտանգին, այդպիսով զգալով, որ քաղաքականությունն իր տեղը չէ:

Նոր իրավիճակում, եթե ձեւավորվում է Հայաստանում սեփականության անձեռնամխելիության օրինական, ինստիտուցիոնալ իրավական միջավայր ու համակարգ, Գագիկ Ծառուկյանին չի մնում քաղաքականությամբ զբաղվելու որեւէ շարժառիթ, որովհետեւ դա նրա տեղը չէ, եւ այստեղ իրականությունը թերեւս անվիճելի է:

Առայժմ իհարկե վաղ է խոսել ինստիտուցիոնալ-իրավական պաշտպանվածության հեռանկարի մասին, սակայն մյուս կողմից օրակարգում է հենց այդ խնդիրը: Այդպիսով, Ծառուկյանը մի կողմից կանգնած է այդ իրավիճակի ձեւավորման խորքային մոտիվացվածության առաջ, մյուս կողմից իհարկե դեռեւս չունենալով հստակ երաշխիքներ, ստիպված է շարունակել առաջնորդվել իրեն քաղաքականություն բերած եւ դրա մեջ պահող մոտիվացիաներով:

Դրան զուգահեռ, կա մարդկանց եւ խմբերի մի շրջանակ, որոնք շահագրգռված են Ծառուկյանի մոտ հենց այդ մոտիվացիաների գերակայությամբ, որովհետեւ նրանց խնդիրն էլ բոլորովին այլ է՝ Ծառուկյանը նրանց քաղաքականության մեջ մնալու երաշխիքն է: Ինչ են անելու, եթե Ծառուկյանը դուրս գա քաղաքականությունից:

Կան իհարկե նաեւ այլ մոտիվներ, նրան ամեն գնով քաղաքականության մեջ պահելու համար:

Այդ ընթացքում Գագիկ Ծառուկյանը իր «քաղաքական կյանքում» կայացրել է երկու առանցքային քաղաքական որոշում՝ մեկը 2015 թվականի փետրվարին քաղաքականությունից հեռանալն էր, մյուսը՝ 2018-ի ապրիլին թավշյա հեղափոխությանը միանալը: Երկու որոշումն էլ նա կայացրել է ամենավերջում, երբ «դանակը հասել» էր ոսկորին: Երրորդ, ու թերեւս իր «քաղաքական կյանքի» վերջին քաղաքական որոշումն ուշացնելը Ծառուկյանի համար կարող է ունենալ բավական ծանր հետեւանք: Իսկ այդ որոշումը կարող է լինել ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ դիմակայության գնալը, այլ ինստիտուցիոնալ երաշխիքների միջավայրը ձեւավորելու հարցում նրան աջակցելը եւ հենց դրանով այդ օրակարգի համար պատասխանատվության տակ դնելը:

Երեւանի Ավագանու ընտրության արտահերթ գործընթացը Գագիկ Ծառուկյանի համար կարող է բավական օգտակար լինել քաղաքական որոշման նախապատրաստման հարցում:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am