Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանային դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից զոհվել է Հայաստանի ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Դա թերեւս ադրբեջանական կողմի պատասխանն է հայկական ուժերի հարվածին, որի մասին օրերս հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ մեր զինուժն ադրբեջանցիներին լռեցնելու համար ստիպված էր խոցել երեք զինծառայողի:

Հայ-ադրբեջանական սահմանին, արցախ-ադրբեջանական սահմանին փոխադարձ կորուստները շարունակվում են, եւ հենց դա է այն սողացող պատերազմը, որ առկա է հրադադարի պայմաններում եւ որի հանգուցալուծումը ամենեւին մոտ չէ:

Երկու տասնամյակ շարունակ հայտարարված հրադադարի եւ չհայտարարված պատերազմի պայմաններում լինում են փոխադարձ կորուստներ: Այդ գործընթացը հնարավոր է կանգնեցնել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրումով, որի մասին համանախագահները սկսել են խոսել ապրիլյան քառօրյայից առաջ, եւ որը օրակարգի առաջնահերթ հարց դարձրեցին ապրիլյան քառօրյայից հետո, Վիեննայի օրակարգով:

Բանն այն է, որ Վիեննայի օրակարգը փաստացի ձեւավորում է ստատուս-քվոյի ամրագրման միջազգային մեխանիզմ: Բաքուն բաց հայտարարել է այդ մասին, պատճառաբանելով, թե ինչու է իր համար դա անընդունելի: Դե ֆակտո, Վիեննայի օրակարգը արցախ-ադրբեջանական սահմանագծում է, Արցախի սուբյեկտության ընդգծում:

Ռուսաստանի համար օրակարգը խնդրահարույց է ոչ թե այն պատճառով, որ ամրագրում է ստատուս-քվոն, այլ որ դրա պարեկության մենաշնորհը Մոսկվայից անցնում է Արեւմուտք, կամ առնվազն համատեղ պարեկության:

Մյուս կողմից, սակայն, ապրիլյան քառօրյայից հետո Ռուսաստանն ունի կրկնություն թույլ չտալու խնդիր, քանի որ դա հղի է Մոսկվայի համար մի շարք անցանկալի, ռազմավարական նշանակության կորստի հեռանկարներով: Գործնականում, Մոսկվան պետք է ցույց տա, որ կարողանում է իրավիճակը կառավարել այնպես, որ չլինի ապակայունացում: Հակառակ պարագայում կստացվի, որ կամ նա է հրահրում ապակայունացում Կովկասում, կամ չի կարողանում տիրապետել իրավիճակին եւ անվտանգության ու կայունության համար ստանձնած պատասխանատվությանը:

Երկու դեպքում էլ Ռուսաստանը կունենա խնդիրներ թե Հայաստանի, թե Արեւմուտքի, թե Իրանի հետ: Մինչդեռ առանց Արեւմուտքի եւ Իրանի Մոսկվան տանուլ է տալու խաղը Ադրբեջանին, Իսրայելին ու Թուրքիային: Կրեմլը լավ է գիտակցում դա: Ըստ այդմ, կայունությունը պահելը նրա համար ունի կենսական նշանակություն: Ռուսաստանն այլեւս չունի Կովկասում կառավարելի պատերազմի ռեսուրս: Բայց գտնվում է այդ առումով ահռելի ճնշման տակ:

Այդ համատեքստում Մոսկվայի ուղղությամբ ճնշում է գնում նաեւ Երեւանից, նախորդ իշխանության որոշ շրջանակներից, որոնք իրենց ռուսական գործընկերների հետ փորձում են Մոսկվայից պահանջել «անվստահություն հայտնել» Հայաստանի նոր իշխանությանը, դրանից բխող հետեւանքով: Այդ հանգամանքը արձանագրել է նաեւ Ադրբեջանի նախագահը, որն իր հերթին նպաստում է այդ ճնշմանը: Օրինակ, Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանի նոր իշխանության հայտարարությունները լարվածություն են առաջացնում սահմանին: Այդպիսով նա «փոխանցում» է կատարում Հայաստանում նախկին իշխանության շրջանակներին, որոնց ներկայում կամա թե ակամա «կոնսոլիդացնում» է Ռոբերտ Քոչարյանը, առնվազն իր դիրքավորումով: Վերջին օրերին բավական նկատելի է, թե ինչպես են «փոխանցումներով» խաղում Քոչարյանն ու Բաքուն:

Այն դեպքում, երբ Հայաստանում նոր իրավիճակն ու նոր իշխանությունը կայունությունը վերահսկելու Ռուսաստանի թերեւս վերջին հնարավորությունն է, ինչով էլ պայմանավորված է այդ իշխանության հանդեպ Կրեմլի լոյալությունը:

Սեպտեմբերի 25-ին Պուտինը պետք է մեկնի Բաքու: Ալիեւն ակնհայտորեն փորձում է հնարավորինս մեծացնել ճնշումը այդ այցից առաջ, փորձելով ստանալ այն, ինչ չստացվեց սեպտեմբերի 1-ին Սոչիում: Ալիեւը փորձում է ստանալ ռազմական արկածախնդրության իրավունք, Ռոբերտ Քոչարյանն էլ զուգահեռ փորձում է իշխանության իրավունք ստանալ Պուտինից:

Երկու դեպքում էլ Պուտինն այդ իրավունքը կարող է տալ միայն սեփական գոյության իրավունքի հաշվին: Նա թերեւս լավ է պատկերացնում, որ այն, ինչ տեղի է ունեցել ապրիլ-մայիսին Հայաստանում, հատկապես միջազգային լեգիտիմության առումով վերջին մի քանի տարիներին իր համար եզակի օգտակար իրադարձություն է, որից կարող է կառչել:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am