Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ամփոփել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը: Հարցին, թե այսօր քարոզարշավի վերջին օրն է, ինչպե՞ս անցավ այն, վարչապետն ասաց, որ քարոզչությունն այնպիսի երևույթ է, որ նորմալ է, երբ ցանկացած ժողովրդավար երկրում քարոզչության ժամանակ կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում: Նա նաև զորակցություն հայտնեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին:

«Կարևորն այն է, որ մենք բոլորս օրինականության սահմաններում ենք մնացել: Ի դեպ ասեմ, որ ես տեղյակ եմ, որ Բարգավաճ Հայաստանի քաղաքապետի թեկնածուն մտահոգություններ է արտահայտել համացանցում իր հասցեին հնչած արտահայտությունների ու վիրավորանքների կապակցությամբ: Ես ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան և ասել, որ իսկապես անթույլատրելի է, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի որևէ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով: Իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս: Բայց ընդհանուր առմամբ մենք պետք է ամեն ինչ անենք՝ փոխադարձ հարգանքի մթնոլորտը պահպանելու համար: Այս պահին ուղղակի ուզում եմ զորակցությունս հայտնել Նաիրա Զոհրաբյանին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: