Արցախի Շոշ գյուղի բնակիչները դուրս են եկել բողոքի ցուցի՝ սատարելու համագյուղացի Սողոմոն Մելքումյանին: Ըստ սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ Արցախի Շոշ գյուղի բնակիչ Սողոմոն Մելքումյանը սեպտեմբերի 14-ին ծեծի է ենթարկվել Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանի անմիջական ցուցումով, իր որդու եւ ԱԱԾ ծառայողների կողմից։

Բողոքի ցույցին մասնակցել է նաեւ Արցախի Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար Բարդուղ Գալստյանը, ով մեր զրույցում մանրամասներ ներկայացեց դեպքից:

«Սեպտեմբերի 14-ին զինկոմը իր մեքենայով ինչ-որ տեղ է գնում: Ճանապարհին էքսկավատորը կանգնած աշխատանք է կատարում: Մարդկանց զգուշացնում են, որ այլ ճանապարհը կա, որով կարող են անցնել, որպեսզի չխանգարեն էքսկավատորի աշխատանքին: Զինկոմը գնում մեքենայով կանգնում է էքսկավատորի դիմաց, ասում է՝ տեխնիկադ քաշի, պետք է անցնեմ: Տրակտորիստն էլ ասում է՝ գործ ենք անում, ամեն անգամ հնարավոր չի բացել, ներքեւի ճանապարհով կարող եք մտնել: Զինկոմն էլ ասում է՝ բոլորդ գլխիս Փաշինյան եք դարձել, ճանապարհ եք փակում, ինչին երիտասարդը հակադարձել է՝ ասելով՝ ինչո՞ւ ես ավել-պակաս խոսում: Սակայն հասկանալով, որ վեճ է դառնալու, տեխնիկան մի կողմ է քաշում եւ մեքենան անցնում է:

Գիշերը ժամը 11-ին զանգում են այդ տղային, դուրս է գալիս՝ չիմանալով, թե ինչի համար են զանգել: Գնում է այնտեղ, 5 երիտասարդ են լինում: Մեկը հարցնում է՝ դո՞ւ ես այսինչ մարդը, պատասխանում է՝ այո, ու դրանից հետո ասում է՝ տվեցին գլխիս ինչ-որ բանով, ուշաթափվեցի ընկա:

Այդ տղայի եղբայրն էլ պատմեց, թե նկատեց, որ եղբորը գետնին ընկած հարվածում են եւ երբ աղմկում է, որ գյուղացիները գան, նրանք նստում են մեքենան եւ գնում են», - պատմեց Գալստյանը:

Գալստյանի խոսքով՝ Սողոմոն Մելքոնյանը հաջորդ օրը չի գնում բժշկի: «Իբր փորձելով մաքուր մնա, որ գործ տվողի անուն չհանի, բայց հետո տեսնում է վիճակը վատանում է, գնում է հիվանդանոց: Որ սենյակ է մտնում, արդեն այնտեղ տեղյակ են լինում՝ ինչն ինչոց է եւ նորմալ ուշադրություն չեն դարձնում հիվանդին: Հետո մենք իմացանք, այսօր էլ փակեցինք ճանապարհը՝ պահանջելով, որ զինկոմիսարը դուրս գա աշխատանքից, իսկ ծեծողները պատժվեն: Փոխոստիկանապետը եկավ, խոստացավ, որ օրենքի ամենամանրակրկիտ ձեւով պատասխանատվության կենթարկվեն: Զինկոմիսարն էլ այդտեղ էր, ասաց, որ հեռանում է, բայց դա պետք է ՀՀ ՊՆ-ն ստորագրի՝ իր ասելով:

Մենք ասացինք, որ եթե մի շաբաթվա մեջ այդ հարցերը չլուծվեն, մենք նորից ճանապարհ ենք փակելու»,- ասաց Գալստյանը:

«Բանակի հրամանատար կա, պաշտպանության նախարար կա, հրամանը կգրի, դուրս կգամ»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանը:

Հարցին, թե ազատման դիմում չի՞ գրելու, Ավշարյանը պատասխանեց. «Դե, դա էլ պիտի վերադասը ինձ հետ քննարկի: Կարող է նա գա եւ ինձ կախաղան բարձրացնի, ես ո՞վ եմ, որ որոշում կայացնեմ»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է իր տղան ընկերների հետ ծեծել Սողոմոն Մելքումյանին, Ավշարյանը պատասխանեց. «Այդ հարցերը ինչո՞ւ եք ինձ տալիս, ոստիկանությունը զբաղվում է էլի: Ձեզ տղա ունե՞ք: Եթե երեխան մի բան է անում, գալիս ծնողին հարցնում, հետո՞ է անում»:

Հարցին, թե ճի՞շտ է, որ էքսկավատորի վարորդին բորբոքված ասել է՝ ճանապարհը բացի եւ անգամ նշել է, որ Փաշինյան եք դարձել գլխիս, ճանապարհը եք փակում, Մելքումյանը պատասխանեց. «Ինչ իրենք ասում են, ոստիկանությունը զբաղվում է, քրեական գործ է հարուցված, ով ինչ պատասխանատվության պիտի ենթարկվի, թող ենթարկվի: Օրենքը դրված է, դատաբժշկական փորձաքննություն է լինելու, իրենք էլ ասել են, որ վերջում ամեն ինչ հանրային կդարձնեն եւ բոլորը կտեսնեն»:

ՀԺ-ն ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՊԲ հրամանատարը պատրաստվում է ազատել զինկոմիսարին, ինչին ի պատասխան Հասրաթյանը նշեց, որ արձակուրդի մեջ է: