Հայաստանի Անկախության օրվա շնորհավորանքներն այս տարի յուրահատուկ են: Նախ, Վլադիմիր Պուտինն ու Եղիսաբեթ Թագուհին ստիպված էին երկու ուղերձ հղել՝ Հայաստանի նախագահին ու վարչապետին: Ոմանք միայն նախագահին են շնորհավորել, ոմանք էլ՝ միայն վարչապետին: Օրինակ, Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւս շնորհավորել է հայ ժողովրդին: Թե Թրամփի, թե Պեմպոեյի շնորհավորանքում հիշատակվում է Հայաստանի առաջին հանրապետության եւ Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական կապերի 100 ամյակի մասին:

Նախկինում Հայաստանի Անկախության օրվա առթիվ ԱՄՆ ուղերձներում հիշատակվում էր 1991 թվականը որպես դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեթիվ: Խոսվում էր ՆԱՏՕ-ի առաքելություններին Հայաստանի մասնակցության եւ ամերիկյան պետության կայացման գործում հայ համայնքի դերի մասին:

Թրամփն ու Պոմպեոն հիշեցնում են ժամանակները, երբ 100 տարի առաջ ԱՄՆ-ն եւ անկախ Հայաստանը հարաբերություններ հաստատեցին: Երեկ Հայաստանը տոնում էր խորհրդարանի 100-ամյակը:

«Այս տարին նաև նշանավորվում է Հայաստանի առաջին հանրապետության և հայ-ամերիկյան բարեկամության հարյուրամյակով: Լիահույս եմ, որ 100 տարի առաջ մեկնարկած մեր գործակցությունն այսուհետ առավել կամրապնդվի», – նշված է Թրամփի ուղերձում:

«Ուրախ եմ Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորել հայ ժողովրդին անկախության վերականգման պատմական հանրաքվեի 27-ամյակի կապակցությամբ: Այս տարին հատկապես կարևոր է, քանի որ այն ներկայացնում է նորագույն պատմության մեջ հայկական առաջին պետության հիմնադրման 100-ամյակն ու Հայաստանի ու ԱՄՆ-ի 100-ամյա բարեկամության տարեդարձը», – նշված է Պոմպեոյի շնորհավորական ուղերձում:

1920 թվականին, երբ ռուսական 11-րդ բանակը դեռ չէր մտել Երեւան, Առաջին հանրապետությունը ոգեւորությամբ էր ընդունել Վիլսոնի իրավարար վճիռը Սեւրի պայմանագրի շրջանակում: Այդ պայմանագիրն այդպես էլ իրականություն չդարձավ, ինչպես եւ ԱՄՆ մասնակցությունն Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր Արեւելքի բաժանմանը: Այն ժամանակ ԱՄՆ-ն բավարար ազդեցիկ չէր, որ առաջ տաներ Օսմանյան կայսրության բաժանման իր ծրագիրը:

Առաջին հանրապետության կազմում էին ոչ միայն Ղարաբաղն ու Նախիջեւանը, այնպես էլ Կարսը եւ Արդահանը, որոնք հետո ռուս-թուրքական պայմանավորվածությամբ փոխանցվեցին Թուրքիային ու Ադրբեջանին:

Հիմա, երբ ԱՄՆ ներկայությունը Մերձավոր Արեւելքում բազմամյա պատմություն ունի, ԱՄՆ-ն չի թաքցնում տարածաշրջանում նոր ստատուս-քվո կառուցելու ցանկությունը: Այս գործում Հայաստանը շատ կաերւոր դեր ունի ոչ միայն հայության իրավունքների առումով, ում սեփականությունն ու շահերը Թուրքիան ազգայնացրել է Լոզանի պայմանագրով: Հայաստանը Մերձավոր Արեւելքում քաղաքակրթական տարրի կրողն է, եւ Թրամփի ու Պեմպոեյի ուղերձներում 100 տարվա պատմությանը հղումները պատահական չեն:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am