ՀՀ կառավարությունը խնդիր է ձևակերպել, որ Սևանա լճի ջրային պաշարը պետք է հանգիստ թողել, ինչի համար ջրային ռեսուրսները պետք է օգտագործվեն խնայողաբար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը բարձրացրեց ոռոգման ջուրը խնայողաբար օգտագործելու խնդիրը:

«Մեր կառավարությունը հստակ խնդիր է ձևակերպել, որ Սևանին պետք է հանգիստ թողել, ինչի համար ջրային ռեսուրսները պետք է օգտագործվեն խնայողաբար։ Սակայն դա այսօր տեղի չի ունենում: Ջրանցքներն այսօր լրիվ աղբավայրի են վերածվել: Հնարավոր է աղբահանությունը համայնքներում նորմալ չի արվում: Սա շղթայական օղակ է, եթե մի օղակում հարցը լուծվի, մյուսում՝ ոչ, խնդիրը չենք կարող լուծված համարել: Մեզ համակարգային լուծումներ ենք պետք»,-նկատեց վարչապետը:

Ներկաներից ոմանք բարձրացրին ջրի պակասի, ոչ արդյունավետ օգտագործման, խողովակների խնդիրը:

Վարչապետը նկատեց՝ պետք է շեշտը դնեն նրա վրա, որ շատ առաջարկներ արվեն հենց համայնքների ղեկավարությունից: «Քայլերից առաջինը աշխատանքի և միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացումն է: Մեր պետական բյուջեն նման է մաղի, որի մեջ ջուրն ուզում են պահել: «Յոլա գնալու» տրամաբանությունը պետք է փոխել զարգանալու տրամաբանությամբ», նշեց Փաշինյանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց՝ հիմա կառավարությունը զբաղվում է ջրային համակարգը փոփոխության ենթարկելու և ավելի արդյունավետ դարձնելու խնդրով: Մեր ուսումնասիրող խումբը եղել է բոլոր մարզերում, արձանագրել, որ ջրառը, որը պետք է ջուր տրամադրի ջրօգտագործողներին, մատակարարում է նաև գյուղերի ուղղությամբ: Կան խողովակներ, որոնք որևէ տեղ գրանցված չեն, ջուրը գնում է գյուղերի ուղղությամբ, և ոչ ոք չգիտի, թե ուր գնաց: Սա համարվում է կորուստ»,-նշեց նա:

Վարչապետը նկատեց՝ դա մեծ կորուստ է և հրավիրեց իրավապահների ուշադրությունը: Նա նշեց՝ ջրի 80 տոկոսը գողացվում է, սակայն այդ հարցը չի լուծվի, քանի դեռ գյուղացիների աչքի առաջ կոռուպցիոն սխեմաները գործում են, իսկ նրանք՝ լռում: Նշեց՝ պետք է փակել բոլոր այն խողովակները, որոնք ապօրինի կերպով ջուր են մատակարարում: