Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ոստիկանապետը Վալերի Օսիպյանից պահանջում է բացահայտել՝ ով է սուտ մատնություն կատարում իրենց գրասենյակներիում ընտրակաշառք բաժանելու հետ կապված, իսկ չբացահայտելու դեպքում՝ հրաժարական տալ։ Նշենք, որ ԲՀԿ աջափնյակի գրասենյակը խուզարկել են, ինչի մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան հրապարակումից:

«Պարո՛ն ոստիկանապետ, սուտ մատնությունը Քրեական օրենսգրքով նախատեսում է հստակ պատասխանատվություն, ի դեպ՝ մենք երկուշաբթի ներկայացնելու ենք այդ պատասխանատվությունը հնգապատիկ խստացնելու նախագիծ՝ սուտ մատնության համար։ Հարգարժան պարոն Օսիպյան, կա՛մ Դուք սուտ մատնության հոդվածով նրանց հանդեպ, ովքեր սուտ մատնության գործողություն են կատարել, որոնց նպատակը մեկն է՝ կազմալուծել մեր աշխատանքը, կա՛մ պարո՛ն Օսիպյան, մենք բարձրացնելու ենք Ձեր հրաժարականի հարցը, քանի որ Դուք չեք տիրապետում իրավիճակին, Դուք կազմալուծում եք մեր աշխատանքը։ Որերորդ անգամ պարզվեց, որ եղել է սուտ մատնություն, էդքան օպերատիվ չարձագանքեցիք, որքան օպերատիվ արձագանքում եք սուտ մատնության ահազանգերին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ նշեց, որ այս ամենը նպատակ ունի ընտրություններից առաջ «նսեմացնել» իրենց դիրքերը։

«Որեւէ ընտրակաշառքի առարկա այստեղ չի հայտնաբերվել, չկա տվող, չկա վերցնող, մնացածը թող հանրությունը եզրակացություն անի քննչական մարմինների գործողությունների վերաբերյալ»,- ասաց պատգամավորը։