ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրել է, որ Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված ընտրակաշառքի դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցել: Այս մասին նա հայտնել է այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընտրություններին մասնակցելուց հետո:

«Կա մի քանի քրեական գործ հարուցած ընտրակաշառքի մասով, ընթացքի մեջ են, համապատասխան վարույթ է իրականացվում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ դեռ չի ասի՝ որ քաղաքական ուժերն են, որպեսզի քարոզչություն կամ հակաքարոզչություն չլինի, եւ այդ հարցին կանդրադառնա ընտրություններից հետո:

Երեկ ոստիկանությունը գործողություններ է իրականացրել Բարգավաճ Հայստան կուսակցության շտաբում: Օսիպյանն ասել է, որ ոստիկանների գործողությունները եղել են օրենքի շրջանակներում: Հարցին, թե արդյոք ընտրակաշառքի դեպքեր են եղել, Օսիպյանը չի պատասխանել:

«Ուսումնասիրության ընթացի մեջ է: Հենց լինի, պարզաբանումներ կտրվեն»,- ասել է նա:

Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ դա սուտ մատնություն է եւ որ Օսիպյանը չի տիրապետում իրավիճակին: Օսիպյանն անդրադարձել է հայտարարությանը:

«Դա Նաիրա Զոհրաբյանի երեւակությունն է, որ չեմ տիրապետում: Ոստիկանությունը տիրապետում է ողջ Հայաստանի լրատվության օպերատիվ իրավիճակին, եւ ցանկացած ահազանգի դեպքում ոստիկանությունը ուսումնասիրություն է անում»,- ասել է Օսիպյանը՝ ավելացնելով, որ ցանկացած պարագայում ահազանգ ստանալու դեպքում ոստիկանությունն արձագանքում է:

Երեւանի ավագանու ընտրություներին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 8 կուսակցություն, 4 դաշինք: