Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը Երեւանի ավագանու ընտրություններում ստանում է այդքան ձայն, բայց բոլորդ գիտեք, որ այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել: Այս մասին Նյու Յորքի Յեյլ ակումբում Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես խնդրել էի այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քվեարկել նաեւ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:


«Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաեւ տնտեսական միջավայրը բարենպաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը»,-հայտարարել է ՀՀ վարչապետը:

«Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, եւ դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան»,- ընդգծել է Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս: