ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ֆեյբուքյան ուղիղ եթերում հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով Հայաստանում փոփոխությանը, ասել է, որ Հայաստանում իշխանության փոխանցումը ֆանտաստիկ օրինակ է, որը ցույց է տալիս նոր սերնդի առավելությունը եւ ավելի լավ որոշումներ կայացնելու կարողությունը:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունն ինքնին ֆանտաստիկ է Հայաստանում տեղի ունեցածի համատեքստում, որը ներառում է շատ ավելի լայն շրջանակ, քան զուտ Հայաստանի ներքին իրողությունները:

Հայաստանում տեղի ունեցածը չուներ աշխարհքաղաքական արմատ, բայց ունի աշխարհքաղաքական ճյուղավորում, որովհետեւ Հայաստանը գտնվելով կարեւորագույն ռեգիոններից մեկի կարեւորագույն տեղում եւ դերում, իր վերափոխումներով անկասկած հիմնարար ազդեցություն է թողնելու այդ գործընթացների հետագա զարգացման եւ տրամաբանության վրա:

Ընդ որում, առանցքային է այն, որ արտաքին արձագանքները վկայում են Հայաստանի ներքին հիմնարար վերափոխման հարցում աշխարհքաղաքական դերակատարների կոնսենսուսի առկայության մասին: Այդ կենտրոններից յուրաքանչյուրն իրեն բնորոշ ոճաբանության շրջանակում փաստացի աջակցություն է հայտնել թավշյա հեղափոխության գործընթացին դեռեւս ապրիլ-մայիսի շրջանում ու նաեւ հետագայում արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների եւ նրա հասցեին տարբեր առիթներով ուղերձների տեսքով:

Այդ առումով հատկանշական են եղել հանդիպումները Պուտինի հետ, դրանց ընթացքում հնչած տեքստերը, Անկախության տոնի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորանքի տեքստը: Այժմ հնչում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ֆանտաստիկ գնահատականը, որը հիմք է տալիս իհարկե պայմանական, փոխաբերական իմաստով արձանագրելու, որ «նոր Հայաստանը» դառնում է ՄԱԿ անդամ:

Ավելին, սա հատկանշական հայտարարություն է ոչ միայն ՄԱԿ ԳԱ հերթական նստաշրջանից առաջ, որին մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը, այլ նաեւ ընդհանրապես այդ կառույցում ադրբեջանական ավանդական աշխուժության ֆոնին, որտեղ Բաքուն մշտապես փորձել է օգտագործել այսպես ասած բազմանդամության ֆորմատը քաղաքական առավելությամբ հաջողության հասնելու համար: ՄԱԿ-ը խորքային առումով չունի աշխարհքաղաքական սուբյեկտություն եւ ավելի շուտ գործիք, միջոց է ազդեցիկ կենտրոնների եւ սուբյեկտների համար: Բայց առավել եւս այդ իմաստով Անտոնիո Գուտերեշի հայտարարությունն իհարկե Հայաստանի սուբյեկտության ճանաչում է, որով գլխավոր քարտուղարը փաստացի օրակարգ է բերում վերափոխումների իրողությունը որպես մոդելային օրինակ:

Այլ կերպ ասած, ՄԱԿ գլխավոր քարտուղարը ձեւակերպում է Հայաստանի վերափոխումների հարցում աշխարհքաղաքական «կոնսենսուսը», թերեւս ունենալով հիմնական գերակա կենտրոնների արձագանքների որոշակի ամբողջություն, այդ ձեւակերպման համար բավարար դիտարկվող ամբողջություն:

Այդ կենտրոնները գործնականում ունեն սկզբունքային իրարամերժ դիրքորոշումներ աշխարհաքաղաքական մի շարք հարցերում, գտնվում են լուրջ դիմակայության շրջանում: Միեւնույն ժամանակ, սակայն, ակնառու է, որ նրանք փնտրում են նաեւ շփման եզրեր եւ մոդելներ, որովհետեւ աշխարհքաղաքականությունը չի կարող կառուցվել բացարձակ դիմակայությունների վրա:

Ահա այդ առումով նոր Հայաստանը դիտարկվում է իբրեւ շփման ռացիոնալ եւ առարկայական հեռանկար պարունակող եզր, որտեղ առաջացել է թե Ռուսաստանի, թե ԱՄՆ, թե Եվրոպայի շահերի համադրման գործնական հնարավորություն: Եվ այդ հնարավորությունը ոչ միայն առաջացել է, այլ նաեւ արդեն մի քանի ամիս առկա է իբրեւ տեղի ունեցող գործընթաց: Միաժամանակ ակնհայտ է նաեւ, որ երբ Հայաստանից փաստացի առկա է լինում պրակտիկ առաջարկ այդ համադրման ուղղությամբ, իսկ թավշյա հեղափոխությունն այդ իմաստով հենց այդպիսի գործնական առաջարկ է, երբ Հայաստանն անում է իր քայլը եւ սպասում արձագանքի արտաքին գործընկերներից, արձագանքը չի ուշանում, չնայած նոր իրողության հանդեպ այդ գործընկերների միանգամայն բնական ու տրամաբանական զգուշավորությանը: Այստեղ իհարկե գործ ենք ունենալու տեւական զարգացումների, բավական բարդ եւ նուրբ աշխատանք պահանջող իրողությունների հետ, որովհետեւ արտաքին գործընկերների շահերի բախումը այդուհանդերձ իր ազդեցությունն ունենալու է համադրման պրոցեսի վրա:

Բայց այդ ամենը ոչ թե խնդիր է, այլ աշխատանք, որը անխուսափելի է որեւէ հնարավորություն առարկայացնելու որեւէ գործընթացում: Այդ աշխատանքը պաշտոնական Երեւանն այժմ իրականացնում է նվազագույն բավարար կամ անհրաժեշտ արդյունավետությամբ, ինչի վկայությունը միջազգային օրակարգում իբրեւ մոդել «ՄԱԿ վկայականն» է:

Միեւնույն ժամանակ, այդ հանգամանքը չի նշանակում, որ Հայաստանը դիտարկվում է իբրեւ այլ երկրներում կիրառելի օրինակ: Ամենեւին, դա կլինի խնդրի պարզունակ ընկալում: Հայաստանի մոդելային, մեթոդաբանական նշանակությունն ունի ըստ էության աշխարհակարգային վերափոխման համատեքստ, թե ինչպես համաշխարհային մի համակարգից անցում կատարել մեկ այլ համակարգի, ինչպես ապահովել հնարավորինս սահուն անցում:

Աշխարհը ներկայում կանգնած է այդ խոշոր խնդրի առաջ եւ փնտրում է դրա լուծումները: Դա իհարկե նույնական չէ, սակայն որպես խնդիր՝ որը այդուհանդերձ պահանջում է մոդելավորում, բավական համարժեք է առերեւույթ մասշտաբով խիստ լոկալ, բայց նաեւ հենց ադ առումով աշխարհակարգային համատեքստ ունեցող գործընթացին:

Դա ոչ միայն լուրջ աջակցություն, միաժամանակ ավանս եւ քարտ-բլանշ է, այլ նաեւ խիստ պատասխանատվություն է Հայաստանի նոր իշխանության համար:

 Նյութի աղբյուրը՝ lragir.am