Երեւանի ավագանու ընտրություններին ԿԸՀ-ն լիարժեք ծավալով ապահովել է բոլոր ընտրական գործընթացների նկատմամբ առավելագույն թափանցիկություն եւ այդպես շարունակելու է, որովհետեւ մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը եւս կան մի շարք գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Անդրադառնալով Երեւանի նոր ձեւավորվող ավագանու մանդատների բաշխմանը, Մուկուչյանն ասաց, որ մանդատների բաշխումը իրականացվում է այն ուժերի միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի կուսակցությունների դեպքում 6, դաշինքների պարագայում 8 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացած ուժեի միջեւ:


«Եթե կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի կուսակցությունների դեպքում 6, դաշինքների պարագայում 8 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս ուժեր, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն ձայներ ստացած 3 ուժեր:

Իսկ թե այդ ուժերից յուրաքանչյուրի ստացած կոնկրետ մանդատները ինչպիսին կարող են լինել, թվերը հրապարակված են, բանաձեւը շատ պարզ է, յուրաքանչյուրը կարող է հաշվել: ԿԸՀ-ն ձեռնպահ կմնա այս փուլում որոշակի հաշվարկներ ներկայացնելուց»,-հայտարարեց ԿԸՀ նախագահը:

Նա տեղեկացրեց, որ ընտրություններից հետո 7-րդ օրը (սեպտեմբերի 30-ին) կիրականացվի արդյունքների վերջնական ամփոփում, բնական է կտրամադրվեն մանդատներ, որից հետո գործում է արդեն Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի կարգավորումները: