Երեւանի ավագանու ընտրությունների օրը ԿԸՀ-ն նախապես տեղեկացել է, որ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները ցանկանում են լռության օրը (սեպտեմբերի 22-ին) մամուլի ասուլիս հրավիրել, եւ փորձել են կանխել այն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նշենք, որ այդ ասուլիսում հայտարարվել էր, որ ԲՀԿ-ն նախօրեին գումար է բաժանել իրենց նախաձեռնած ֆլեշմոբի մասնակիցներին:


Տիգրան Մուկուչյանի խոսքով, իրենք զանգահարել են եւ հորդորել են չիրականացնել նման ասուլիս: «Տեղեկացնեմ, որ մամուլի ասուլիսի մասին տեղեկատվություն մինչև ասուլիսը տեղադրվել էր էլեկտրոնային հարթակում, և մինչ սկսելը փորձեցինք կապ հաստատել նրանց հետ՝ հիշեցնելու քարոզչության արգելքի սկզբունքը և ձեռնպահ մնալ որոշակի արտահայտություններից, որ կարող են որակվել հակաքարոզչություն»,-ասաց նա՝ հավելելով, որ երբ զանգահարել են, արդեն ասուլիսը մեկնարկել էր, և զրույցը չի կայացել:

«Դրանից հետո ասուլիսին որոշակի գնահատականներ հնչեցին, որոնց մասին ձեռնպահ կմնամ տեսակետ ներկայացնելուց: Դրանից հետո եղել է հեռախոսազրույց նախ տիկին Նաիրա Զոհրաբյանի հետ, որը տեղեկացնում էր, որ այդ սրահում տեղի է ունենում ասուլիս, ինչի մասին արդեն տեղեկացված էինք: Այսպիսով` հանձնաժողովը ծանոթ էր երկու կողմերի դիրքորոշումներին, բայց որպես այդպիսին արարքն արդեն ավարտված էր»,-ասաց Մուկուչյանը:

Նա տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն նախնական աշխատանքային քննարկում է կազմակերպել. «Իմ մոտեցումն այն էր, որ վարույթ հրավիրվի, ուսումնասիրվի, բայց այն որպես այդպիսին ավարտված արարք էր, հետեւաբար, վարույթի հրավիրումը կարող էր հարթակ դառնալ, որտեղ կողմերը պետք է գային, ներկայացնեին տեսակետներ: Ակամայից կոչ անելով զերծ մնալ լռության օրը քարոզչություն իրականացնելուց՝ մենք ինքներս, կարող էինք դառնալ մի հարթակ, որ այդ պրոցեսը վերածվեր քարոզչության կամ հակաքարոզչության»,-ասաց ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ քվեարկության օրը ձեռնպահ են մնացել հարցի քննարկումից, իսկ հետագայում նախատեսում են այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել:

«Երբ նման քարոզ է տեղի ունենում անկախ նրանից, թե Ընտրական հանձնաժողովները կազմում են արձանագրություն, թե ոչ, կողմը կարող է ուղղակի դիմել վարչական դատարան»,-ընդգծեց նա: