Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կատարեց «նախընտրական» խոստումը՝ անցկացնել ազատ ու արդար ընտրություններ: Կտեսնեք, ասել էր նա:

Հայաստանում 1991-ից հետո չեն եղել ազատ ընտրություններ, որոնց արդյունքը արտացոլեր ազատ կամարտահայտությունը: Երեւանի ավագանու ընտրությունը առաջինն է նոր իշխանության օրոք, եւ այդպիսով դրվեց Հայաստանում իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմի հաստատման հիմքը:

Շատերը, մասնավորապես լրագրողներն ու դիտորդներն այս ընտրությունները կատակով որակում էին ձանձրալի, իսկ որոշ քաղաքական ուժերի համար դրանք հիասթափեցնող էին: Ձանձրալի, քանի որ չկային ավանդական մեխանիզմներն ու մեթոդները՝ լցոնումներ, ընտրակաշառք, ձայների կեղծում, խաժամուժի ակտիվ ներգրավում: Հիասթափեցնող, քանի որ քաղաքական ուժերը սովոր էին այդ մեթոդներին, եւ դրանց բացառման արդյունքում նրանք հայտնվեցին լուսանցքում:

Հայաստանի ոստիկանությունը նախկինում կատարում էր լիովին այլ ֆունկցիա՝ ապահովել ընտրակեղծիքի մեխանիզմի անխափան աշխատանքը ընտրության բոլոր փուլերում: Երեւանի ավագանու ընտրությունը ցույց տվեց, որ բավական է իշխանության կամքը, որպեսզի ընտրությունն անցնի օրենքին համապատասխան:

Ոստիկանության պարագայում այս հանգամանքն ամենաակնառուն է եւ ջրում է նախկին վարչակարգի բոլոր փաստարկները ժողովրդի «մենթալիտետի» եւ այլնի մասին: Ավելին, ընտրակեղծիքները բացառելու ուղղությամբ ոստիկանության հստակ աշխատանքը ցույց տվեց, որ նախկինում ընտրությունը կեղծվում էր բարձրագույն իշխանության հրահանգով. Դա բոլորը գիտեին, հիմա դա հաստատվեց կոնկրետ փաստով:

Այս ֆոնին, անհեթեթ են պնդումները, թե Երեւանի ավագանու ընտրության մասնակցության տոկոսը ցածր էր հեղափոխության էյֆորիայի համեմատ: Բացատրությունը շատ պարզ է՝ ոստիկանության հստակ գործողությունների արդյունքում քվեարկությանը չեն «մասնակցել» մեռածները, երկրից հեռացածները, որոնք շարունակում են մնալ ցուցակներում, եւ փողով ընտրողները, այսինքն՝ նախկին վարչակարգի «ընտրազանգվածը»: Եվ իրավացի են այն հաշվարկները, որ ընտրություններին իրական մասնակցությունը բարձր է 60 տոկոսից:

Ոստիկանությունը պատրաստվում է հաջորդ ու արդեն համապետական ակտին՝ խորհրդարանի արտահերթ ընտրությանը, երբ պետք է անշրջելի դառնա իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմը Հայաստանում: