Եթե ես նախկինում տարակուսում էի ՀԱՕԿ նախագահի պաշտոնում 2020 թվականին իմ թեկնածությունը դնելու հարցում, ապա այսօր հայտարարում եմ, որ ես դնելու եմ թեկնածությունը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում:

Այս մասին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արտահերթ հավաք-ժողովում ասաց ՀԲՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը:

«Դեռեւս օգոստոսին բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն, նամակով դիմեց մեզ՝ հաստատելով վերջին նիստի ընթացքում կայացած նախագահի ընտրությունների արդյունքները եւ ընդունելով գործող ֆեդերացիան եւ ֆեդերացիայի նախագահին: Այդ ամենից հետո կրկին բռնցքամարտի աշխարհում պառակտումը շարունակվեց: Ավելին՝ ՀԱՕԿ-ը ձեռնամուխ եղավ նոր ֆեդերացիա ստեղծելու գաղափարին: Տեղեկացել եմ, որ ստեղծվել է նոր ֆեդերացիա եւ, որ սպորտի ղեկավարությունը ձեռնամուխ է լինելու միջազգային կառւյցների կողմից այդ ֆեդերացիայի ընդունմանը:

Հավաքել են մի խումբ մարդկանց, որոշել են ստեղծել ինչ-որ ֆեդերացիա, ապավինել հայկական սպորտի ղեկավարությանը, նպատակուղղված արշավ է, որի հետեւում ինչ-որ ականջներ կան:

Ֆեդերացիայի 12-րդ համաժողովում նախագահ վերընտրվելուց հետո, երբ հանդիպում ունեցա լրագրողների հետ, ինձ հարց ուղղվեց, թե կդնեմ արդյոք իմ թեկնածությունը 2020 թվականին կայանալիք ՀԱՕԿ նախագահի ընտրությունում: Ես դեռ այդ ժամանակ հայտարարեցի, որ վաղ է այդ մասին խոսել, ամեն ինչ հնարավոր է: Այդ իմ հայտարարությունից հետո սկսվեց մեկ այլ արշավ հայկական բռնցքամարտի, իմ նախագահ լինելու դեմ, որը ղեկավարվեց որոշ ուժերի, մասնավորապես ՀԱՕԿ-ի միջոցով: Փորձ արվեց վերահսկողություն իրականացնել ինչպես Հայաստանի մյուս մարզաձեւերի, այնպես էլ մեր ֆեդերացիայի նկատմամբ: Այս ամբողջ լարվածությունը ստեղծելուց եւ բռնցքամարտում պառակտում առաջացնելուց հետո ես այժմ կրկին անդրադառնում եմ 2020-ին կայանալիք ՀԱՕԿ նախագահի ընտրություններին եւ հայտարարում, որ ես, այո, դնելու եմ իմ թեկնածությունը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

ՀԲՖ նախագահը հայտարարել էր, որ «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձել և փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ եւ բռնցքամարտի Ֆեդերացիան նույնպես անմասն չմնաց նման փորձերից»: