Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը ՀՀԿ ԳՄ նիստից հետո, որը վարում էր Սերժ Սարգսյանը, լրագրողներին ասել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները սխալ երևույթ են, բայց եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն, իրենք կմասնակցեն: Նա ասել է, որ ԳՄ նիստի ժամանակ հատուկ արտահերթ ԱԺ ընտրությունների հարցը չի քննարկվել, որոշում չի կայացվել:

«Քննարկել ենք քաղաքական տարբեր հարցեր: Խորհրդարանի արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշակի խոսակցություններ եղան, բայց ինչ-որ որոշում չկա: Եթե լինեն խորհրդարանական ընտրություններ, մենք էլ մեր մասնակիցները կունենանք, և ինչքան որ ձայն կունենանք, այդ ձայներով էլ կպայքարենք: Խորհրդարանի լուծարման հարց չենք քննարկել», ասաց նա:

Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն չպետք է նախաձեռնի ԱԺ ինքնալուծարումը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն ինքը գտի, ինչ կանի», ավելացնելով, ոչ ԱԺ ինքնալուծարումը պետության համար վտանգավոր է:

Գալուստ Սահակյանը չպատասխանեց հարցին, թե ինչ կարծիք ունի անձամբ Սերժ Սարգսյանը արտահերթ ընտրության կապակցությամբ: Նա ասել է նաեւ, որ չի կարծում, որ խորհրդարանի մեծամասնությունը պետք է գնա այն ճանապարհով, որը ցանկանում է կառավարությունը:

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն համագործակցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Գալուստ Սահակյանը նշեց, որ ցանկացած ուժի հետ կարող են համագործակցել, եթե դա բխում է պետական շահերից:

«Եթե Քոչարյանն այնպիսի խնդիրներ կառաջադրի, որոնք մեր գաղափարներին մոտ են, այդ ժամանակ կխոսենք: Ցանկացած քաղաքական ուժ ցանկացածի հետ կարող է համագործակցել, եթե դա բխում է պետական շահերից»,- նշեց Գալուստ Սահակյանը: