Լենա Նազարյանը հաճախ չափն անցնում է, այն, ինչ ինքը պետք է չասի եւ ճիշտ չեմ համարում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն խմբակցություն է ներկայացնում՝ որպես ղեկավար, ինքը պետք է զսպի իր արտահայտությունները՝ այս մասին  ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությունը, որ Խորհրդարանում 31 մանդատ ունեցող ուժը, եթե Երեւանի ավագանու ընտրություններում ստանում է 7 տոկոս ձայն, ուրեմն պետք է հետեւություն անի եւ մտածի ոչ թե նոր խորհրդարանում տեղերի, այլ հանրության մասին։

«Բացարձակ պատեհ մեկնաբանություն չէ»,–հավելեց Միքայել Մելքումյանը։


Նա նկատեց. «Լենա Նազարյանը այն քաղաքական փորձառությունը չունի, որ ինքն իր վրա վերցնի, որ գնահատական տա։ Այստեղ ոչ թե թվաքանակի մեջ է խնդիրը, այլ որակի մասին է խոսքը»։

Մելքումյանը պարզաբանեց, որ ինքը քաղաքի ավագանու ընտրությունը դասական քաղաքական ընտրություն չի համարում։ Նախ՝ մասնակցել է ընտրողների կեսից պակասը՝ 43 տոկոս, բացի այդ, քաղաքապետ ընտրելիս մարդիկ մտածում են ոչ թե քաղաքականություն կերտելու, այլ քաղաքի, վերելակների, աղբահանության, տրանսպորտի մասին։

«Եւ երրորդը՝ պետք է հաշվի առնենք, որ ունենք հետհեղափոխական էյֆորիա, այդ նույն բանը եղել է 91–92 թվականներին։ Պետք չէ, որ մենք նույն ճանապարհով շարժվենք, Հայաստանին պետք է նոր ճանապարհ, այդ նոր ճանապարհին բոլոր ղեկավարները պետք է առաջնահերթություն տան պետական մոտեցմանը եւ մենք կունենանք այնպիսի խորհրդարան ապագայում, որ հիմնական քաղաքական ուժերի մոտեցումները ներկայացված լինեն։ Որովհետեւ եթե ունենանք միակարծիք պառլամենտ, դա լինելու է միահեծան։ Դա բերելու է շատ կարճ ժամանակում իշխանության լճացման, որը լավ չէ»,–ասաց Միքայել Մելքումյանը։

Նա նտահոգություն հայտնեց, որ խորհրդարանի նիստերը մեկ օր, օր ու կես են տեւում. «Որովհետեւ մերժվում են օրինագծերը, հիմա ես հո չեմ նույնացնում, ՀՀԿ–ի ժամանակ էլ էին մերժում, հիմա էլ են մերժում»։

«Խնդիրն այն է, որ կառավարությունը համապարփակ տնտեսական քաղաքականության ծրագիր չունի»,–պարզաբանեց Միքայել Մելքումյանը։