Երեւանի Դավթաշեն համայնքում այսօր՝ սեպտեմբերի 29–ին, տղամարդու դի է հայտնաբերվել։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ժամը 11-ի սահմաններում ոստիկանությունից քննչական բաժին հաղորդում է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողը՝ 1957 թ. ծնված տղամարդը, նշված բնակարանում բնակվել է վարձակալական հիմունքներով, դիակի զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներ։

Ոստիկանության աշխատակիցների հետ միասին ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով տուժողի մերձավոր ազգականներից է։ Վերջինս հայտնաբերվել է և բերման ենթարկվել։

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։