Հայաստանը գտնվում է համակարգային տնտեսական ճգնաժամի մեջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձանագրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանի տնտեսությունը վերափոխելու անհրաժեշտության մասին:

Համակարգային տնտեսական ճգնաժամն ակնառու է վաղուց, եւ վարչապետն արձանագրում է այն, ինչը պարզ իրողություն է: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է հասկանալ, թե որն է վերափոխման մոդելը: Այն, ինչ ասում է վարչապետը, որ խրախուսվելու է աշխատանքը, որպեսզի Հայաստանը դառնա արդյունաբերական երկիր, կարեւոր, բայց հռչակագրային արձանագրում է: Դրա տակ անհրաժեշտ է պատկերացնել, թե ինչպիսին է լինելու կառավարության քաղաքականությունը:

Փաշինյանն իրավացիորեն արձանագրում է, որ կառավարության խնդիրը դաշտ ստեղծելն է, որը կբացի ստեղծագործական ներուժի իրացման հնարավորություն եւ հավասար պայմաններում բոլոր քաղաքացիները կստանան իրենց տաղանդը իրացնելու հնարավորություն:

Այդուհանդերձ, կան բավական կոնկրետ խնդիրներ, որոնք առնչվում են ենթակառուցվածքներին եւ պահանջում են կոնկրետ լուծում, ինչը մի կողմից ունակ է փոխել տնտեսության համակարգային հատկանիշներն ու բնույթը, մյուս կողմից կարող է այդպիսով դրական ազդակ լինել ներդրումային միջավայրի առումով:

Այդ տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը հատկանշական հանդիպում էր ունեցել Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում: Վարչապետը հանդիպել էր ամերիկյան Գլոբալ Կոնտուր ընկերության ղեկավարների հետ: Ընկերությունը մասնագիտացած է հիդրոէներգետիկայի ոլորտում եւ Հայաստանում հատկապես հայտնի է Որոտանի հիդրոկասկադի ներդրումով: Արդեն մի քանի տարի Գլոբալ Կոնտուրը Որոտանի հիդրոկասկադի սեփականատեր է: Այդ գործարքը համարվեց հայ-ամերիկյան տնտեսական հարաբերության մինչ այժմ եղած խոշորագույն ներդրում՝ մոտ 200 միլիոն դոլար:

Դա էական ազդեցություն է ունեցել Որոտանի հիդրոկասկադի արդիականացման, արդյունավետ կառավարման հարցում:

Էներգետիկ ոլորտի կառավարումը եղել է Հայաստանի «աքիլեսյան գարշապարը» կամ դրանցից մեկը: Չնայած էներգետիկ ճգնաժամի այսպես ասած հաղթահարմանը, 2015 թվականի Էլեկտրիկ Երեւանը ի ցույց դրեց, որ էներգետիկ ոլորտը կառավարվել եւ կառավարվում է ոչ էֆեկտիվ, կանգնելով նոր ճգնաժամի շեմին:

Հայաստանի էներգետիկ ոլորտում գերակա ներկայություն ունեն ռուսական ընկերությունները, որոնցից Ռուս Հիդրոյի սեփականությունն է Սեւան-Հազդան հիդրոկայանների կասկադը, որը կուտակել է բավականաչափ պարտքեր:

Նախորդ տարեվերջին տարածվեց տեղեկություն, որ ընկերությունը մտադիր է հրաժարվել կասկադի սեփականությունից: Դա շատ նման էր բաշխիչ ցանցերին, երբ Էլեկտրիկ Երեւանի արդյունքում ռուսական Ինտեր ՌԱՕ-ն հրաժարվեց, եւ սեփականատեր դարձավ Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիրը: Տաշիրը ժամանակի ընթացքում ընդհանրապես սկսեց դառնալ Հայաստանի էներգետիկայի խոշոր հավակնորդ խաղացող, որը ըստ տարբեր փորձագիտական գնահատականների ձգտում էր գերիշխող դիրքի:

Արդյոք ռուսական պետական ընկերություններին փոխարինում էր ռուսաստանցի հայ միլիարդատիրոջ գերիշխանությունը: Դա ռուսական վերահսկողության տրանսֆորմացիայի եւ օպտիմալացման յուրօրինակ մոդե՞լ էր, թե՞ Կարապետյանների քաղաքական հավակնությունների բաղադրիչ: Կամ գուցե երկուսը միասին:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը դնում է ներքին տնտեսական համակարգում կոռուպցիան արմատախիլ անելու խնդիր, այդ թվում այն խոշոր ռուսական պետական կապիտալով ընկերությունների գործունեության տիրույթում, որոնք ներկայացված են հայկական էներգետիկայում եւ այլ ենթակառուցվածքներում: Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո պարզորոշ ակնարկեց, որ հարցը քննարկում է ՌԴ նախագահի հետ, եւ կա այդ քաղաքականության անհրաժեշտության փոխըմբռնում:

Ինչպե՞ս կարտահայտվի այդ հանգամանքը հայկական էներգետիկ համակարգի «քարտեզի» վրա եւ այդ համատեքստում արդյոք Գլոբալ Կոնտուր ընկերության հետ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան քննարկումը ներառել է հայկական էներգետիկայում ընկերության ընդլայնման հարց, օրինակ Սեւան-Հրազդան կասկադի ուղղությամբ: Այդ կասկադի սեփականությունից Ռուսաստանի հրաժարվելու տրամադրությունը նկատելի է դեռեւս 2017 թվականից:

Այդ առումով ուշագրավ էին նույն թվականին Կարեն Կարապետյանի կառավարության՝ Սեւանից լրացուցիչ ջրառի նախաձեռնության շուրջ քննարկումները, երբ այդ նախաձեռնությունը դիտարկվում էր իրականում ոչ թե ոռոգման, այլ Սեւան-Հրազդան հիդրոկասկադի ոչ էֆեկտիվ կառավարման հետքերը «լվանալու» մտադրություն:

Այստեղ, ինչպես էներգետիկ համակարգում ընդհանրապես, իրավիճակն ունի հանգամանալից ուսումնասիրության անհրաժեշտություն:

Երեւանը ներկայում Կրեմլին փորձում է փաստարկել, որ Հայաստանի ենթակառուցվածքներում, այդ թվում էներգետիկայում ռուսական պետական ընկերությունների ներգրավումով եւ ոչ էֆեկտիվ կառավարումով Հայաստանի նախորդ համակարգը իրականում շատ ավելի թուլացրել է Հայաստանում ռուսական ներկայության լեգիտիմությունը, քան ամրացրել այն, միաժամանակ զուգահեռ բավական խոշոր փողեր աշխատելով կոռուպցիոն սխեմաների արդյունքում:

Երեւանը փորձում է փաստարկել, որ այդտեղ փոփոխությունները ոչ թե քաղաքական վտանգ են Մոսկվայի համար, այլ հակառակը՝ մաքրվելու հնարավորություն, միաժամանակ Հայաստանին էլ տալով էֆեկտիվ կառավարման հնարավորություն, ինչը ընդհանուր առմամբ կթեթեւացնի նաեւ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի տնտեսական պատասխանատվության բեռը: Առավել եւս ՌԴ ներկայիս ծանր տնտեսական խնդիրների պայմաններում:

Մյուս կողմից իհարկե հարց է, թե արդյոք ամերիկյան ընկերությունը կհետաքրքրվի Սեւան-Հրազդան կասկադով, ու ինչ պայմաններով: