Հայաստանի Ազգային ժողովն իր հերթական նիստերը սկսեց լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը հարգելով:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը իր խոսքում նշեց. «Երեկ կյանքից հեռացավ աշխարհահռչակ երաժիշտ, երգիչ, մեծ արտիստ, մեր ազգի մեծ զավակ Շառլ Ազնավուրը: Մեկ րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը:


Իհարկե, կարող ենք երկար խոսել Ազնավուրի մասին, գրեթե բոլորս հնարավորություն ունեցել ենք շփվելու նրա հետ, համագործակցելու: Անձամբ ինձ համար, ես ոչ միայն կորցրեցի հռչակավոր մի անձնավորության, այլեւ իմ լավ բարեկամին եւ իմ գործընկերոջը, որի հետ երկրաշարժից ի վեր մենք համագործակցել ենք հանուն Հայաստանի երեխաների առողջության, նրանց ապագայի, բազմաթիվ համատեղ ծրագրեր իրականացրել:

Այն զգացմունքները, որոնք կան իմ մեջ Շառլ Ազնավուրի հանդեպ, կապված են միայն նրա բարի կեցվածքի, բարի ու ազնիվ մոտեցումների եւ այն ամենի, ինչ նա տվեց ոչ միայն հայ ազգին, այլեւ ամբողջ աշխարհին»: