Մենք աջակցում ենք խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ԱԺ ընտրություններ կազմակերպելու վարչապետի նախաձեռնությանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ վարչապետի հետ հանդիպման ժամկետ դեռ հայտնի չէ:

Դիտարկմանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում իրենց դաշինքը շատ քիչ ձայն հավաքեց, դա իրենց չի՞ մտահոգում, Մարուքյանը պատասխանեց. «Երեւանի ընտրությունները այլ տրամադրությունների տակ են անցել: Կոնկրետ խորհրդարանը ցրելու մանդատի հարց է դրվել, որ եթե մարդիկ ցանկանում են՝ խորհրդարանը ցրվի, փող ձայն տան «Իմ քայլը» դաշինքին: Այսինքն, մեծ հաշվով չի եղել Երեւանի քաղաքապետի թեկնածուների մրցակցություն: Խորհրդարանի ընտրություններում այլեւս նման օրակարգ չի լինի, որովհետեւ ընտրությունները կազմակերպված կլինեն»:


Անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետներին, «Ելք»-ի պատգամավորն ասաց, որ երբ էլ լինեն ընտրությունները, իրենք պատրաստ են. «Մենք նոր ենք դուրս եկել քարոզարշավից եւ պատրաստ ենք ընտրությունների, բայց կան նաեւ այլ ուժեր: Դրա համար վարչապետը բանակցություններ կանցկացնի քաղաքական ուժերի հետ, որի արդյունքում կգան կոնսենսուսի:Քաղաքական կայունության խնդիր կա, որը կարող է լինել ընտրություններից հետո, որ իշխող ուժը քաղաքական հենարան ունենա խորհրդարանում»:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե էյֆորիան պետք է անցնի, նոր ընտրություններ կազմակերպվեն, նա ընդգծեց. «Ես չեմ կարծում, որ էյֆորիան անցել է եւ չեմ կարծում, որ կանցնի 1 կամ երկու տարի հետո»:

Մարուքյանը խոսեց նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին՝ նշելով. «Եթե ընտրական օրենսգիրքը հիմա ընդունվի, գործելու է Վենետիկի հանձնաժողովի այն պահանջը, որ մոտավորապես 6 ամսից մեկ տարի ժամանակ տրվի քաղաքական ուժերին: Ես հասկացել եմ, որ եթե պետք է դեկտեմբերին կազմակերպվեն ընտրությունները, ապա պետք է կազմակերպվեն գործող ընտրական օրենսգրքով: Վենետիկի հանձնաժողովի առաջարկները ռեկոմենդացիաներ են, որոնք կամավոր պարտադիր են: Այսինքն խորհուրդ է, բայց եթե այդ խորհուրդը չլսես, կստանաս միջազգային վատ գնահատական, իսկ այդ դեպքում ընտրությունների արդյունքները կարող են կասկածի տակ դրվել»:

Մարուքյանը նշեց, որ իրենք պատրաստ ենք «Լույս» դաշինքով շարունակել մասնակցել ընտրություններին. «Նաեւ պատրաստ ենք դաշինքի հնարավորությունները ընդլայնել»:

«Ելք»-ի ներկայացուցիչը նշեց նաեւ, որ այսօր նախագիծ է ներկայացվել ԱԺ, որով փորձ է արվում վարչապետի հրաժարականով խորհրդարանն արձակելու գործընթացը ձեւափոխել. «Դրա հետ կապված եւս, կարծում եմ՝ պետք է բանակցություններ լինեն»,-ասաց նա:

Նշենք, որ խոսքը վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանը, ըստ որի, եթե ԱԺ-ի աշխատանքը խոչընդոտվում է, ապա նիստը ընդհատվում է մինչեւ խոչընդոտների վերացումը: