«Մեր տեսակետները ծայրահեղ տարբեր չեն: Ես մի քիչ զարմացա, որ վարչապետը, երբ վերջում մեկնաբանություն էր տալիս, ՀՀԿ-ին վերագրեց մինչև 2022 թվականը ընտրություններ չանցկացնելու որոշում: Նման որոշում խմբակցությունը չունի… Կարծում եմ՝ ներվը պետք է հանել այդ բանակցություններից, վարչապետը մի քիչ նյարդային էր վերջին ինտերվյուի ընթացքում: Պետք է քիչ արտահոսքեր տալ, թե ինչ են խոսել», Նիկոլ-Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան հանդիպման վերաբերյալ ասել է ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ հանդիպումով մեկնարկեց խորհրդարանական ուժերի հետ արտահերթ ընտրության թեմայով խորհրդակցությունների շարքը: Կառավարությունն, ըստ պաշտոնական հայտարարությունների, ցանկանում է որքան հնարավոր է արագ անցկացնել դրանք, պատճառաբանելով տնտեսական ճգնաժամով, իսկ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարում են, որ պետք չէ շտապել եւ ընտրություն անել էյֆորիայի վրա:

Արմեն Աշոտյանը կառավարության «շտապողականությանն այլ բացատրություն ունի. «Պատճառը հետևյալն է, որ գործող վարչապետն ունի մտահոգություններ, որ երբ սպառվեց աշխատելու սահմանադրական իր իմունիտետը, մայիսի 9-ից նա կարող է Ազգային ժողովում ստանալ անվստահության քվե: Սա այն հիմնական հանգրվանն է, որի մասին մի քանի անգամ խոսել է Նիկոլ Փաշինյանը: Եվ որպեսզի ապահովագրի իր կառավարությունը, փորձում է կամ ֆորս մաժորային իրավիճակ ստեղծել, կամ իրականությանը չհամապատասխանող փաստարկներ բերել»:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո անդրադարձել է այս թեմային, սակայն ոչ թե մայիսի 9-ին իր իմունիտետի սպառման, այլ արտահերթ ընտրության համատեքստում: Նա ասել է, որ պետք է ստորագրվի համաձայնագիր, ըստ որի՝ խմբակցությունները պարտավորվում են երկու անգամ վարչապետ չընտրել իր հրաժարականից հետո, որից հետո էլ Ազգային ժողովը լուծարվում է օրենքի ուժով:

Պատասխանելով հարցին, թե որքանով է վստահելի լինելու այդ համաձայնագիրը, այն առումով, որ քաղաքական ուժերը հավատարիմ կմնան դրան, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ վստահության հիմքը ժողովուրդն է, որը նման բան թույլ չի տա:

Արդյոք ՀՀԿ-ն ու մյուս խորհրդարանական ուժերը փորձում են ձգձգել արտահերթ ընտրության ժամկետները. Մինչեւ մայիս ընտրությունն անցկացնելու դեպքում կա վարչապետի հրաժարականի պահը, իսկ մայիսին խորհրդարանն արդեն կարող է անվստահություն հայտնել վարչապետին: Արմեն Աշոտյանը ակնարկում է այս երկրորդ տարբերակը, եւ թերեւս այն նկատառումով, որ «էյֆորիան» մայիսին անցած կլինի:

Ըստ էության, այս երկու տարբերակներն էլ Սահմանադրական են եւ հնարավոր, եթե իհարկե հաշվի չառնենք Հայաստանում ստեղծված իրավիճակը: Արդյոք այդ մասին ասել է Վահրամ Բաղդասարյանը, եւ դա է նյարդայնացրել Նիկոլ Փաշինյանին:

Մյուս կողմից, Արմեն Աշոտյանն ակնարկում է, թե տեսակետները ծայրահեղ տարբեր չեն վարչապետի մոտեցումներից: Ավելին, նա փաստացի հերքում է, թե խմբակցությունն ունի որոշում մինչեւ 2020 թ. ընտրություն չանցկացնելու վերաբերյալ, նշելով, որ դա մի քանի պատգամավորների, այդ թվում իր տեսակետն է: Փաստորեն, նշելով սահմանադրական լծակների մասին, ՀՀԿ-ն հրապարակային չի հրաժարվում արտահերթ ընտրությունից, փորձելով իր պայմանների դաշտ բերել վարչապետին, միեւնույն ժամանակ հղում անելով մյուս խմբակցությունների դիրքորոշումներին, նշելով, որ բոլորը պետք է կողմ լինեն արտահերթ ընտրությանը: Այս մասին ասել էր Վահրամ Բաղդասարյանը:

Ի՞նչ պայմանավորվածության կգան ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք հայտնվել են բարդ իրավիճակում. մի կողմից, նոր իրավիճակում չկա այս կուսակցությունների հանրային պահանջարկ, մյուս կողմից՝ այս պահին նրանց ձեռքին է «սահմանադրական մեծամասնությունը» խորհրդարանում, որի գործադրումը ռիսկային է:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am