ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, թե աղմկահարույց նախագիծը, որ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության վերաբերյալ հայտնվել է խորհրդարանում, չունի խորհրդարանի լուծարման իրավական մեխանիզմը խոչընդոտելու որեւէ հետին միտք:

Խոսքը մի օրինագծի մասին է, որը նախատեսում է ԱԺ նիստի «ընդհատում», եթե կա նիստը սկսելու կամ շարունակելու որեւէ արտաքին խոչընդոտ, պատգամավորների կամքից անկախ: Ըստ գնահատականի, այդ փոփոխության շարժառիթը վարչապետի հրաժարականի միջոցով խորհրդարանի լուծարման իրավական հնարավորությունը փակելն է:

Հայտնի է, որ այժմ կա խորհրդարանի լուծարման մեկ մեխանիզմ՝ վարչապետի հրաժարականից հետո երկու անգամ չի ընտրվում նոր վարչապետ, ինչի համար կա 14 օր ժամկետ, ու խորհրդարանը համարվում է լուծարված: Նիկոլ Փաշինյանը դիտարկում է արտահերթ ընտրության հասնելու այդ սցենարը, որպես տարբերակներից մեկը: Նա իհարկե այդտեղ տեսնում է նաեւ ռիսկ, որ իր հրաժարականից հետո խորհրդարանը կարող է նաեւ ընտրել նոր վարչապետ ու դնել իրեն եւ հանրությանը փաստի առաջ: Դրա համար Նիկոլ Փաշինյանը, ըստ գնահատականների, դիտարկում է հանրության ուժով ԱԺ-ն շրջապատելու եւ այնտեղ պատգամավորների մուտքը թույլ չտալու տարբերակ, մինչեւ լրանան 14 օրը եւ ԱԺ-ն ցրվի իրավունքի ուժով:

Եվ ահա, Արփինե Հովհաննիսյանը փաստորեն ներկայացնում է մի նախագիծ, որն ընդունվելու դեպքում խորհրդարանը հնարավոր է շրջափակել տարիներով, միեւնույն է 14 օր ժամկետը չի լրանա, քանի որ աշխատանքը կհամարվի ընդհատված, ոչ թե տապալված:

Արփինե Հովհաննիսյանն ասում է, թե նախագիծը կապ չունի վարչապետի հրաժարականի տարբերակի հետ, այլ առհասարակ վերաբերում է ԱԺ աշխատանքին: Ըստ երեւույթին, Արփինե Հովհաննիսյանն էլ դասականի նման առաջնորդվում է քաղաքականության մեջ խելքի ավելորդության կոնցեպտով, կամ համարում, որ խելք չունեն քաղաքականությանը հետեւողները, որովհետեւ ակնառու է մարդկանց մոլորեցնելու, հիմարի տեղ դնելու փորձը:

Արփինե Հովհաննիսյանը, եւ օրենքի նախագծի մյուս համահեղինակները՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, պարզապես փորձում են ստեղծել մի իրավիճակ, երբ վարչապետի հրաժարականը չի լինի ԱԺ լուծարման օրինական կամ սահմանադրական ճանապարհ:

Նրանք անկասկած ունեն մտավախություն, որ, քաղաքական համաձայնության չգալու դեպքում Նիկոլ Փաշինյանը կտա անակնկալ հրաժարական:

Այդպիսով, Արփինե Հովհաննիսյանը եւ օրենքի նախագծի համահեղինակները Հայաստանում փորձում են խթանել սահմանադրական ճգնաժամ, որից ելքն այլեւս կլինի «անցումային արդարադատության» տրամաբանությամբ որոշումների կայացումը:

Այդպիսով, նրանք փորձում են Նիկոլ Փաշինյանին մղել այդ դաշտ, հետո թերեւս նրան այսպես ասած Սահմանադրությունը ոտնահարելու համար մեղադրելու նպատակով, ինչն էլ կմատուցեն ԵԽԽՎ, ուր արդեն իսկ տարել են Հայաստանի հարցն ու դրանում ստացել նաեւ Իլհամ Ալիեւի աջակցությունը: Համատեղ հաջողության համար պետք է խթանել խնդիր, որովհետեւ խնդիր որպես այդպիսին դեռեւս չկա, Հայաստանի հարցը տարել են, սակայն առանց փաստարկի: Իսկ դա առաջացնում է բարդություն, որովհետեւ օգտվել կարող է միայն Ալիեւը: Պետք է շտապ խթանել Հայաստանում որեւէ իրավա-քաղաքական ճգնաժամ, որպեսզի «փաստարկվի» Հայաստանի հարցը անհիմն եւ անիմաստ ԵԽԽՎ հասցնելը եւ այնտեղ Ադրբեջանին Հայաստանի դեմ միավոր հավաքելու հնարավորություն տալը:

Մյուս կողմից, Արփինե Հովհաննիսյանը բացահայտում է նաեւ ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, ինչը ՀՀԿ համար ներկայում ռազմավարություն է: Հիմա այդ ուժերը կամ քվեարկում են իրենց իսկ համահեղինակած նախագծի օգտին, այսինքն Հայաստանում ինքնահռչակվում են որպես թավշյա հեղափոխության վերջնական, տրամաբանական հանգրվանի արգելակ, կամ հրաժարվում են քվեարկելուց եւ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվում են վարչապետի հրաժարականի հարցում, Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովից հետո:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am