Նախօրեին որեւէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, լսել ենք տեղեկատվություն, թե ինչ է պատրաստվում, ինչ մտադրություններ ունի վարչապետը:

Կային փաստարկներ, հակափաստարկներ, որոնք քննարկվեցին, եւ կառավարությունը մնաց իր տեսակետին, որ արտահերթ ընտրությունները նախապատրաստվում են դեկտեմբերին:


Հարցին, թե տեսակետ եղե՞լ է, որ վարչապետի հրաժարականից հետո դուք վարչապետի թեկնածու չառաջադրեք, Մելքումյանն արձագանքեց. «Տարբեր հարցերի շուրջ խոսակցություն է եղել, բայց որեւէ պայմանավորվածություն չի եղել: Պայմանավորվածությունը կարող է լինել այն դեպքում, երբ պաշտոնապես դա քննարկես: Որպեսզի դա մերկապարանոց չհնչի, պետք է դու քո կուսակցությունում, մարմնում քննարկես, որոշում ընդունես: Պայմանավորվել ենք, որ շարունակենք: Մենք մեր տեսակետին ենք մնում, որ ինչպես պայմանավորվել ենք կառավարության ծրագրի ձեւակերպման ժամանակ, մինչեւ մայիս-հունիս լինեն ընտրությունները»:

Մելքումյանի խոսքով, այդ ժամանակը պետք է, որ նախ ընտրական օրենսգիրքը փոփոխվի, նաեւ քաղաքական ուժերին պետք է ադապտացիոն շրջան ընտրություններին հավասար պայմաններ ապահովելու համար:

Դիտարկմանը, որ երեկ հապշտապ երեկոյան ժամը 19.30-ին նիստ հրավիրեցին ու քվեարկեցին աղմուկ հանած օրինագիծը, հնարավոր չէ՞ նույնկերպ արագ քննարկել եւ ընդունել Ընտրական նոր օրենսգիրքը, Մելքումյանն արձագանքեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, եթե ցանկությունը կա, հիմնավորումները կա, կլինի: Մենք ամեն բան դիտարկում ենք տրամաբանության մեջ: Բանակցությունները չեն ավարտվել, շփումները շարունակվում են: երբ բքոլոր կողմերը կքննարկեն նյութը, պաշտոնական ու վերջնական կլինի, կասենք»:

Հիշեցմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ քաղաքական ուժերը բանավոր նշել են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, Մելքումյանն ասաց, որ իրենք կուսակցությունում այդ հարցը չեն քննարկել եւ վերջնական որոշում ոչ մի հարցի վերաբերյալ չկա:

Դրանից հետո Փաշինյանը այդ երեք ուժերին անվանել է հակահեղափոխականներ, եւ ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական բոլոր 6 նախարարներին աշխատանքից ազատելու առաջարկություն ներկայացրել ՀՀ նախագահին: Վերջինս հրամանագրերը արդեն ստորագրել է: Փաշինյանի կոչով քաղաքացիները շրջափակել էին ԱԺ շենքը: Վարչապետը ԱԺ քաղաքական ուժերի հետ արտահերթ ընտրությունների հարցով բանակցությունները կշարունակի հոկտեմբերի 3-ին։