«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը խիստ մտահոգիչ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած մեղմ մարտավարությունը քաղաքական դիակի վերածված նախկին ռեժիմի մնացորդների հանդեպ:

«Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համազգային մոբիլիզացիայի և ազգային ռեսուրսի ամբողջական ու արդյունավետ կիրառման պարագայում: Մինչդեռ նախկին ռեժիմին կիսատապալված վիճակում թողնելու և նրա հետ ժողովրդի կամքի ոտնահարմամբ, ժողովրդի իրավունքներն ու շահերը ոտնահարելու համար բռնությամբ ու կեղծիքով ընդունված, այսպես կոչված, սահմանադրությանն ու, այսպես կոչված, օրենքներին համապատասխան վարվելու պատճառով ժողովրդի հաղթանակը վտանգի տակ է հայտնվում:

Միակամ և գերիշխան (սուվերեն) ժողովրդի կամքն է իրական և կենդանի Սահմանադրությունն ու օրենքը, ուստի հարկավոր է առաջնորդվել դրանով, սահմանել անցումային փուլ, պետությունը կառավարել անցումային ժողովրդավարության միջոցով և կիրառել անցումային արդարադատություն, ինչի շնորհիվ ոչ միայն կբացառվի քաղաքական ցնցումների որևէ հնարավորություն, այլև պետությունը շատ կարճ ժամկետում և արդյունավետ կերպով դուրս կգա կառավարման ճգնաժամից և ոտք կդնի զարգացման ուղու վրա:

Կոչ ենք անում անսալ ժողովրդի կամքին ու հեղափոխության տրամաբանությանը և համարժեք քայլեր կատարել օր առաջ այս վտանգավոր վիճակը հաղթահարելու ուղղությամբ»,- հայտարարել են նրանք: