Նախօրեին մի քանի ժամ գտնվել ենք ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում եւ այնտեղ շատ հանգիստ, շատ հանդարտ, ընկերական ու ջերմ մթնոլորտում քննարկել ենք իրավիճակը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ ներկայացրեց, թե ինչ է քննարկվել այնտեղ:

Նրա խոսքով, վարչապետը ներկայացրել է իր մոտեցումը, որ պատրաստվում է օրեր անց հրաժարական տալ, որից հետո 14 օրվա ընթացքում ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ, որից հետո խորհրդարանը կլուծարվի եւ կլինեն նոր ընտրություններ:


Մյուս քաղաքական ուժերը, Մարուքյանի ներկայացմամբ, նշել են, որ կողմ են արտահերթ ընտրություններին, սակայն ուզում են, որ դրանք լինեն մայիսին: «Այնտեղ խոսվեց նաեւ ընտրական օրենսգրքի մասին եւ վարչապետն ասաց, որ պատրաստ ենք նաեւ Ընտրական օրենսգիրքն ընդունել, որն արդեն պատրաստ է: Չեղավ կոնսենսուս, բայց կա պայմանավորվածություն, որ շփումները շարունակվում են»,-ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ եղել է բանավոր հայտարարություն, որ քաղաքական ուժերը վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, Մարուքյանը նշեց, որ անուններ չի կարող հրապարակել, բայց մի քանի դրվագներում շեշտվել է, որ պարզ է, որ թեկնածու չեն առաջադրելու, բայց եկեք մայիսին անենք ընտրությունները. «Չկա հուշագիր, դրանք բանավոր խոսակցություններ են»:

Նա նկատեց, որ կառավարության ծրագրում նշված է, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից տարանջատվի, հետեւաբար, եթե անգամ հին ընտրական օրենսգիրքը մնա, չի լինի իրավիճակ, երբ օլիգարխները առաջադրվում են ռեյտինգային ընտրակարգով եւ սկսում են ձայներ կոնսոլիդացնել. «Ավելին ասեմ, եթե անգամ նման առաջադրումներ լինեն, իրավիճակն այնպիսին է, որ այլեւս դա չի աշխատելու»:

«Ելք»-ի ներկայացուցչի խոսքով, փաստն այն է, որ որքան ինքն է հասկանում, զիջման տեղ չկա եւ ընտրությունները լինելու են դեկտեմբերին:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի միջեւ հուշագիր ստորագրելուն, Մարուքյանն ասաց, որ դրա միակ նպատակն այն է, որ լարման մակարդակը նվազեցվի:

Նա նշեց, որ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ եթե վարչապետի հրաժարականից հետո 14 օրվա ընթացքում ԱԺ-ն չի ընտրում նոր վարչապետ ԱԺ-ն ցրվում է. «Ամբողջ իմաստն այն է, որ ԱԺ-ն գործունակ չէ, ու չի նշվում, թե ինչ պատճառով չի ընտրում վարչապետ: Այսինքն եթե ԱԺ-ն չի կարողանում նոր վարչապետ ընտրել, ապա պետք է ձեւավորվի նոր ԱԺ, որը կկարողանա ընտրել վարչապետ: Ամբողջ իմաստը սա է: Իսկ առաջարկված նախագծի իմաստը այն է, որ եթե հետաձգվել է նիստը, այդ 14 օրվա ժամկետը ընդհատվում է: Այդ դեպքում մենք անորոշ ժամանակով չենք ունենալու վարչապետ, որը գերագույն գլխավոր հրամանատարն է»:

Էդմոն Մարուքյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ չկա հակահեղափոխության հնարավորություն, չկա մեկ այլ մարդու վարչապետ առաջադրելու հնարավորություն. «Հիպոթետիկ են այդ հնարավորությունները: Եթե անգամ դա արվի, հերթական ձախողված քայլն է լինելու եւ արդյունք չի տալու»:

 Հոկտեմբերի 2-ին, 67 կողմ ձայներով ԱԺ-ն ընդունել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի եւ «Ելք»-ի պատգամավորների, թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո: Օրինագծին կողմ են քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

Դրանից հետո Փաշինյանը այդ երեք ուժերին անվանել է հակահեղափոխականներ, եւ ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական բոլոր 6 նախարարներին աշխատանքից ազատելու առաջարկություն ներկայացրել ՀՀ նախագահին: Վերջինս հրամանագրերը արդեն ստորագրել է: Փաշինյանի կոչով քաղաքացիները շրջափակել էին ԱԺ շենքը: Վարչապետը ԱԺ քաղաքական ուժերի հետ արտահերթ ընտրությունների հարցով բանակցությունները կշարունակի հոկտեմբերի 3-ին։