Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցին, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աշոտյանը վարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք ՀԱՊԿ-ում կա Ադրբեջանի անդամության կամ որպես դիտորդ ներգրավվելու հետ կապված որոշակի գործընթաց, և ինչպիսին է Հայաստանի տեսակետը:

«Որպես դիտորդ ներգրավվելու որևէ պաշտոնական գործընթաց չկա, կան հրապարակումներ ու խոսակցություններ: Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, և ես այն մի քանի անգամ հրապարակել եմ: Նման հարցերը լուծվում են կոնսենսուսով, և բնականաբար ստեղծված հարաբերությունների ու ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում անիմաստ է այդ մասին խոսելը, որովհետև ՀՀ-ն երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ, թեկուզ, դիտորդ»,- նշեց Փաշինյանը: