Ազգային ժողովի այգու դռները բացվել են առանց ԱԺ նախագահի համաձայնության, ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Նման համաձայնություն հաստատ չի եղել, Բաբլոյանն իր համաձայնությունը չէր տվել և առնվազն մյուս երեք խմբակցությունների ղեկավարների հետ համաձայնություն ձեռք չի բերվել», ասել է նա։

Երեկ առավոտյան Ազգային ժողովի այգու դռները բացվել են ՀՀ քաղաքացիների առաջ, ՀՀ պետական պահպանության ծառայության պետի հրահանգով: Ըստ ամենայնի, այդ հանձնարարությունը նա ստացել է վարչապետից։

Այգու դռները բացվել էին նաեւ հոկտեմբերի 2-ի երեկոյան, երբ վարչապետը Բաղրամյան պողոտայում հանրահավաքից հետո քաղաքացիների հետ մտավ ԱԺ տարածք եւ ԱԺ-ում հանդիպեց տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ, նրանց իրազեկելով, ինչպես Շարմազանովն է ասել, որ արտահերթ ընտրությունը լինելու է այս տարվա դեկտեմբերին:

Իրադարձություններն արագացան հենց հոկտեմբերի 2-ին, երբ ԱԺ երեք խմբակցություններ հապշտապ արտահերթ նիստ հրավիրեցին եւ ընդունեցին ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով, ըստ Էդմոն Մարուքյանի, խոտանեցին ԱԺ լուծարման եւ արտահերթ ընտրության իրավական մեխանիզմը:

Փոփոխությունների իմաստն այն է, որ եթե քաղաքացիները շրջափակում են ԱԺ շենքը եւ պատգամավորները տվյալ դեպքում չեն կարողանում վարչապետ ընտրել, դա չի «հաշվվում», եւ տվյալ նիստը կարող է անվերջ շարունակվել, եւ ԱԺ-ն էլ համապատասխանաբար չի լուծարվում: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այսպիսով փորձում են բացառել ժողովրդական ճնշման տակ որոշումների ընդունման տարբերակը:

Ի պատասխան, հենց այդ օրը երեկոյան բացվեցին ԱԺ ճաղավանդակները, նույնը կրկնվեց հաջորդ օրը: Դրանք «ջարդելու» կարիք այլեւս չկա, ինչպես 1996-ին, եւ առավել եւս ճաղերի հետեւում թաքնվելու իմաստ չկա, բառի թե ուղիղ, թե խորհրդանշական իմաստով:

Քրեա-օլիգարխիայի այս երեք ցուցանակ-կուսակցություններից առայժմ միայն Շմայսն է, ով ԱԱԾ-ի շնորհքով ներխուժումից հետո հասկացավ, որ սա արդեն ուրիշ Հայաստան է, զենքն ու ճաղավանդակներն այլեւս կորցրել են իրենց իմաստը: Եռյակը սակայն դա դեռ չի հասկացել:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am