ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին, որը շուրջ 3 ամիս է՝ գտնվում է հետախուզման մեջ, դեռեւս չի հայտնաբերվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Հարցին՝ արդյոք Նարեկ Սարգսյանն արդեն հայտնվել է իրավապահների տեսադաշտում, Օսիպյանը պատասխանեց. «Այս գործընթացը ժամանակ է պահանջում, երբ որ կլինի, կտեղեկացնենք։ Երբ որ որեւէ տեղեկություններ լինեն, անպայման բոլորը կիմանան դրա մասին»։

Նշենք, որ դեռեւս օգոստոսի 21–ին Վալերի Օսիպյանը լրագրողներին հայտնել էր, որ Նարեկ Սարգսյանը «ոնց որ շուտով կհայտնվի իրենց տեսադաշտում»։


Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նարեկ Սարգսյանին պատկանող տանը կա առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։ Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության այլ հանցագործություններում դրանց ներգրավվածությունը ճշտելու նպատակով։

Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:

Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Նկարների պատկանելիությունը վարպետի վրձնին և դրանց արժեքը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն:

Խուզարկություն է կատարվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Տարածքներից մեկում՝ իր աշխատասենյակի մետաղյա պահարանում, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով:

Նարեկ Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։