Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հոկտեմբերի 4–ի կառավարության նիստում դժգոհություն հայտնեց կառավարության ներկայացրած՝ օրենսդրական փոփոխության ձևակերպումների հետ կապված։

Կառավարությունն առաջարկում էր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցով վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել։


Փաշինյանը դժգոհություն հայտնեց օրենքում փոփոխության ձևակերպումից, ըստ որի, առաջարկվում էր սահմանել, որ 4 և ավելի երկրների նախագահների այցելության դեպքում կառավարությունը լիազորված է լինելու աշխատանքային օր տեղափոխել:

«Ենթադրենք երկրների ղեկավարներ չեն այցելում, այլ պատանեկան օլիմպիադա է կազմակերպվում: Պետք է այնպիսի ձևակերպում գտնել, որ ամեն անգամ անհրաժեշտություն չառաջանա օրենքում փոփոխություն կատարելու: Իմաստը պետք է լինի այն, որ պետության և հանրային կյանքի բացառիկ նշանակություն ունեցող իրադարձությունների կապակցությամբ սահմանվեն ոչ աշխատանքային օրերը»,- ասաց վարչապետը։

Փոխվարչապետ Արարարտ Միրզոյանը մտահոգություն հայտնեց՝ եթե բացառիկ գրեն, ապա դա շատ մեկնաբանությունների առիթ կտա, և տեսականորեն ամեն երեքշաբթին կառավարությունը կարող է համարել բացառիկ:

Վարչապետը հարց բարձրացրեց՝ ինչու՞ կանխավարկած կա, թե կառավարությունը նստած մտածում է, թե ոնց տեղափոխի աշխատանքային օրերը:

«Եթե այդպիսի կառավարություն լինի, հասարակությունը կառավարությանը կուղարկի հանգստանալու», - ասաց Փաշինյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն էլ ասաց, որ հարցը Ազգային ժողովում կարող է քննարկման առարկա դառնալ:

«Ձեր մեկնաբանությունները աբսուրդ են», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ ի սկզբանե տրված է բացառիկ իրադարձության ձևակերպումը, բայց դա կառավարությանը կտա լայն լիազորություն և Ազգային ժողովում տարընթերցումներ կլինեն:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ իր մտահոգությունը կապված է նախագծի անվան հետ:

«Ինձ անհանգստացնում է, որ սա տոների և հիշատակների օրերի մասին է, մենք ֆրանկոֆոնիան դիտում ենք տո՞ն, թե՞ հիշատակ», - ասաց նա, ինչը ծիծաղ առաջացրեց կառավարության անդամների շրջանում։ Ի դեպ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երկար ժամանակ հազիվ էր զսպում ծիծաղը։

«Մենք դա համարում ենք հիշարժան իրադարձություն», - ասաց վարչապետը:

Որոշումն ընդունվեց որոշ փոփոխություններով՝ 4 և ավելի նախագահների այցին ավելացվեց «հիշարժան իրադարություն» ձևակերպումը։