Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում կայացել է նիստ, որի ընթացքում քննարկվել է «գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցը:

Փորձենք հասկանալ թե ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Տնտեսության նշված ոլորտներում գործում են մենաշնորհային արտոնագրեր, որոնցով նաև սահմանվում են գները։ 2005 թվականի Սահմանադրության տեքստում հայտնվեց 33.1 հոդվածը, որով մենաշնորհները թույլատրվեցին։ Ինչքան էլ դա տարօրինակ հնչի, Վենետիկի Հանձնաժողովի փորձագետները հավանություն տվեցին այդ Սահմանադրությանը, չնայած որ Եվրոպայում և ԱՄՆ-ում գործում է մենաշնորհների արգելքը։

33.1 հոդվածը տեղափոխվել է 2015 թվականի Սահմանադրություն։ Փոփոխության է ենթարկվել միայն հոդվածի համարը։ Ընթերցողը կարող է համեմատել ներքոբերված Սահմանադրության 11 և 59 հոդվածները։

Հոդված 11 Տնտեսական կարգը

Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Հոդված 59 Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը

1 Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

2 Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

3 Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:

Մենաշնորհները օրենքով կարգավորելու գեղեցիկ խոստումը այդպես էլ մնաց խոստում։ Օրենսդրությունը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու երկամյա ժամկետը անցավ, որից հետո՝ ևս հինգ տարի, հետո՝ կրկին հինգ տարի, ընդհանուր առմամբ 13 տարի, իսկ օրենքը չկա։ Բայց մենաշնորհները մնացել են։ Ո՞ր օրենքի հիման վրա քննիչ հանձնաժողովը պետք է ստուգի էլեկտրաէներգիայի և գազի գների հիմնավորվածությունը։

Չէ որ օրենքը գոյություն չունի։ Քանի որ օրենքը չկա, ապա հասարակության շահերի նման պաշտպանությունը ևս անօրինական է։ Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման որոշումը կայացնում է ԱԺ-ն, որը ևս ունի օրենքներ ընդունելու մենաշնորհ։ Ինչպես տեսնում եք, մենաշնորհները վնասակար են ինչպես տնտեսությունում, այնպես էլ օրենսդրական դաշտում։ Մենաշնորհային արտոնագիրը օրենքից վեր դասող ԱԺ-ն երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության խախտող է։ Այս օրինակը մեկ անգամ ևս հաստատում է այսօրվա ԱԺ-ի չկայացվածությունը և նրա վաղաժամկետ լուծարման անհրաժեշտությունը։

ՀԱԿՈԲ ՂԱՐԱԲԵԿՅԱՆ

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am