Եթե վարչապետը հրաժարական է տալիս եւ խմբակցությունները թեկնածու չեն առաջադրում, ուզած-չուզած պետք է գնանք արտահերթ ընտրություների: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, երբ հարց է հնչում՝ կողմ ես արտահերթ ընտրություններին, թե դեմ, դա պետք է հնչի հետեւյալ կոնտեքստում՝ դու պատրա՞ստ ես գնալ ինքնալուծարման, կամ գնալ սահմանադրական փոփոխությունների, ինչի մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքում:


«Չեմ կարծում, որ բացի «Ելք»-ից կա մեկ այլ խմբակցություն, որ համամիտ է, որ խորհրդարանը գնա ինքնալուծարման: Իսկ երկրորդ տարբերակը, եթե Փաշինյանը գնում է հրաժարականի, ինչի իրավունքն ունի, դրանից հետո կքննարկենք, կտեսնենք: Կա ուզելով, կոնսենսուսով Ազգային ժողովի ընտրություններ, եւ կա պարտադրված ընտրություններ: Երբ Փաշինյանը հրաժարական է տալիս, դա ավելի շատ պարտադրվածի է նման»,-ասաց ՀՀԿ խոսնակը:

Հարցին, վարչապետի հրաժարականի դեպքում ՀՀԿ-ն թեկնածու կառաջադրի՞՝ խուսափելու համար արտահերթ ընտրություններից, Շարմազանովը պատասխանեց. «Մենք ոչ ինքնանպատակ թեկնածու կառաջադրենք, ոչ էլ ինքնանպատակ կգնանք արտահերթ ընտրությունների: Ամեն ինչի տակ պետք է լինի գաղափար, պատճառահետեւանքային կապ: Այն, ինչ առաջարկում է վարչապետը, լավագույն տարբերակը չի, եթե չասեմ վատագույնն է: Հիմա գնդակն իր դաշտում է, ինքը Սահմանադրությամբ իրավունք ունի հրաժարական տալ: Եթե հրաժարական է տալիս, քաղաքական ուժերը ըստ իրավիճակի, երկրի շահերից ելնելով կքննարկեն՝ առաջադրում են վարչապետ, թե ոչ»:

Նա նկատեց, որ Փաշինյանը հակասում է ինքն իրեն, մեկ ամիս առաջ ասել է, որ մայիս-հունիսին պետք է լինի ընտրություն, իսկ հիմա ասում է, որ պետք է դեկտեմբերին լինի. «Դրանից հետո խոստացել է, որ ընտրական օրենսգիրքը եւ կուսակցությունների մասին օրենքը պետք է փոխվի, բայց այդ ուղղությամբ ոչինչ արված չի: «Իրականում ամեն ինչ պարզ է. Կարգին Հայկոյի ընտրությունից հետո ինքն իր մեջ որոշել է, որ ունեմ էսքան տոկոս, շատ լավ է, 80 տոկոս է: Մեկ է՝ Սահմանադրությամբ 70 տոկոսից ավելի չեմ ունենա, 70 տոկոս ես կունենամ, 1-2 գրպանային ընդդիմության կասեմ՝ գնացեք ինձ քննադատեք: Կունենա 100 տոկոսով վերահսկելի խորհրդարանը ու վերջ: Կյանքը ուրախ ով է տվել՝ հայ ժողովուրդը: Սա է խնդիրը»,-հայտարարեց Շարմազանովը:

Նա նկատեց, որ Հայաստանում ոչ սովորական վիճակ է. «Չի կարող որեւէ ժողովրդավարական երկում ասել՝ ժողովուրդն է ասում: Բա քաղաքական ուժերը, քաղաքական ինստիտուտներն ինչի՞ համար են: Էլ ինչի՞ են օրենքներ բերում ԱԺ, թող հրապարակում որոշեն: Ինչի՞ են բյուջեի ժամանակ օրենք բերելու: Երբ իրենց պետք է լինում, հիշում են, որ ԱԺ-ն օրենսդիր մարմին է: Եթե մեր կարծիքը հաշվի չեք առնում, ինչու եք գալիս ԱԺ»: