«Կանայք հանուն խաղաղության» ակցիայի մասնակիցները Ղարաբաղում այցելել են առաջնագիծ եւ դրա համար փամփուշտներից ձուլված զարդեր կստանան: Այս մասին հոկտեմբերի 7-ին «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի մասնակիցների հետ Ղարաբաղ ուղեւորության շրջանակներում, առաջնագծի մարտական դիրքերից մեկն այցելելով, ասել է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ փամփուշտներից ձուլված զարդերը կդառնան «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի խորհրդանիշը:


«Պարզվում է Երեւանում վարպետ կա, որը փաշփուշտներից զարդեր է պատրաստում: Ես այդ մասին միայն վերջերս եմ իմացել եւ ինձ մոտ գաղափար ծնվեց. դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի խորհրդանիշը եւ դրանք կստանան բոլորը, ովքեր կմիանան մեր արշավին»,-ասել է Հակոբյանը: Վարչապետի կինը վստահ է, որ մայրական անսահման սիրո ջերմությունից կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները եւ դա նշանակում է՝ ինչքան շատ կանայք միանան այս ակցիային, այնքան ավելի շատ փամփուշտներ կանհետանան երկրի երեսից:

Հիշեցնենք, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին Հակոբյանը հայտարարել էր դեռ հուլիսի 24-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:

Առաջնագիծ այցելելուց հետո ակցիայի մասնակիցներին հոկտեմբերի 7-ին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: