Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության մարզային 15-րդ (Վայոց ձորի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քաղաքացի Գ.Ս.-ն, 2018թ. ապրիլից առանց պետական գրանցման եւ հարկային մարմնում հաշվառման, իրականացրել է շինանյութի մանրածախ առեւտուր:

ՊԵԿ-ից  հայտնում են, որ պարզվել է, որ ապօրինի գործունեության ընթացքում ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 7 միլիոն 76 հազար դրամ: Ապօրինի գործունեության հայտնաբերման դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է տուգանքի գանձում՝ ձեռնարկատիրական եկամտի 50%-ի չափով, որն այս դեպքում կազմում է 3 միլիոն 538 հազար դրամ: Պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկվում է:


Մեկ այլ դեպքով էլ ՊԵԿ ՕՀՎ մարզային 16-րդ (Տավուշի) բաժնի եւ ներքին անվտանգության վարչության աշխատակիցները «Դավիթ եւ Սյուզի» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում եւ առեւտրի սրահում իրականացրել են հսկիչ գնում: Արդյունքում՝ ընկերության աշխատակիցները 50 վրացական լարիով կատարել են բենզինի վաճառք եւ լիցքավորել հսկիչ գնում իրականացնող աշխատակցի ավտոմեքենան, ինչպես նաեւ կատարել են 110 վրացական լարիի փոխանակում ՀՀ դրամի՝ խախտելով «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները։