Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այս տարվա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որեւէ որոշում չի ընդունել: Հոկտեմբերի 8-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ իրենք արդեն հայտարարություն են տարածել եւ պատրաստ են նորմալ բանակցային գործընթացի շրջանակում մյուս քաղաքական ուժերի հետ համաձայնության գալ: «Մեզ բոլորիս պետք է ժամանակ տրամադրեն, որ կարողանանք նախապատրաստվել, ու համաձայնեցված, առանց որեւիցե ցնցման եւ խնդիրների անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- պարզաբանեց Բաղդասարյանը:


ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով՝ այս տարվա դեկտեմբերին ընտրությունների անցկացումը բավականին վտանգավոր քայլ է, քանի որ ապագա Ազգային ժողովը կարող է հայտնվել մեկ քաղաքական ուժի վերահսկողության ներքո: «Ես չեմ կարծում, որ խորհրդարանական համակարգով երկրի համար, որտեղ առկա է ժողովրդավարություն եւ արագ զարգացող տնտեսություն, սա ճիշտ է»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը:

Նա, միաժամանակ, կրկին հավաստիացրեց, որ իրենց համար բանակցությունների ճանապարհը փակ չէ, սակայն դրանք չպետք է կրեն վերջնագրային բնույթ: