Հոկտեմբերի 9-ին Երեւանում տեղի է ունեցել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, Եվրաինտեգրման եւ հայրենակիցների հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի հանդիպումը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Այդ հանդիպման ընթացքում Զատուլինը Բաբլոյանին է հայտնել իր նոր նախաձեռնության մասին: «Նախաձեռնությունը վերաբերում է երկու երկրների պետական, գիտական, մշակութային եւ հանրային ոլորտներում ոչ ֆորմալ՝ առավել անմիջական բնույթի հաղորդակցության նոր հարթակ ստեղծելուն: Ընդ որում, այն կոչվելու է «Լազարյան ակումբ»՝ ի պատիվ Ռուսաստանի բարօրության եւ հայ-ռուսական բարեկամության համար հսկայական գործ կատարած հռչակավոր Լազարյան տոհմի», գրված է ԱԺ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ըստ դրա, նախատեսվում է ակումբը դարձնել Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունների միջեւ նոր ու յուրօրինակ հարթակ, որը կնպաստի տարբեր հարթություններում հայ-ռուսական հասարակական երկխոսությանը, երկու ժողովուրդների միջեւ մշակութային, աշխատանքային, տնտեսական եւ գիտական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Այլ կերպ ասած, Մոսկվան փակում է «հռչակավոր» Գրիբոյեդով ակումբը, որը ստեղծել էր տխրահռչակ Դիմա Կիսելյովը: Այդ ակումբն էլ հայ-ռուսական տարբեր ոլորտի «էլիտաների» ոչ ֆորմալ շփման ակումբ էր, որի նպատակը հայ-ռուսական հարաբերության խորացումն էր այդ ոչ ֆորմալ շփումների միջոցով:

Սակայն այդ ակումբի գործունեությունը ոչ թե նպաստեց հայ-ռուսական հարաբերության ընդլայնմանն ու խորացմանը, այլ Ռուսաստանի քաղաքականության հանդեպ Հայաստանի վասալացմանը, խորքային առումով բերելով հայ-ռուսական հարաբերության ճգնաժամի, ինչը ակնառու դրսեւորվեց ապրիլյան պատերազմի ընթացքում՝ ընդ որում թե ռազմադաշտում առկա իրողությունների, թե դրա թիկունքում հասարակական-քաղաքական իրավիճակի առումով:

Գրիբոյեդով ակումբը ոչ թե հայ-ռուսական հարաբերությանը նպաստող, այլ Հայաստանի վասալացմանն «էլիտար» փաթեթավորում տվող ակումբ էր, եւ քանի որ այդ ակումբում ներգրավված շրջանակների գերակշռող մեծամասնությունը գործնականում կապ չուներ Հայաստանի հասարակական իրողությունների հետ, ապա ամենեւին զարմանալի չէ, որ հետեւանքը լինելու էր ճգնաժամն ու Հայաստանում ռուսական քաղաքականության սնանկությունը: Պարզապես, այդ սնանկությունը դրսեւորվեց այն ժամանակ, երբ իրավիճակը դարձավ սահմանային, ինչի հետեւանքով Մոսկվան տեսավ իր քաղաքականության լիակատար տապալումը: Եվ դա այն դեպքում, երբ այդ քաղաքականության լոկոմոտիվի դերը ստանձնած «էլիտաները» հավաստիացնում էին Կրեմլին, որ այն, ինչ արվում է Հայաստանի հանդեպ, ընդունվում է ծափով-ծիծաղով, եւ միայն «20-30 մարգինալներ» են, որ «Արեւմուտքի պատվերով զբաղված են հակառուսականությամբ»:

Իրականում պարզվեց, որ հակառուսականությամբ Հայաստանում զբաղված են եղել հենց ռուսական քաղաքականության «էլիտար» էմիսարները, որոնք ապրիլյան պատերազմից հետո պարզապես լռել էին, հասկանալով, որ բացահայտվել է իրենց աշխատանքի իրական հակառուսական բնույթը:

Ապրիլյան քառօրյայից հետո հայկական զինուժը արմատապես փոխել է իրավիճակը ոչ միայն Հայաստանում, այլ ռեգիոնում ընդհանրապես: Ակնառու է նաեւ Ռուսաստանի քաղաքականության որոշակի փոփոխության միտումներ: Սակայն աներկբա է նաեւ, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ էապես կփոխվի այն ժամանակ, երբ փոխվի Հայաստանը, երբ լինի ներքին հասարակական-քաղաքական գործընթացների առումով որակապես այլ Հայաստան:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը մտել է դեպի դրան տանող հուն, եւ այդ իմաստով նկատելի են նաեւ որոշակի արձագանքները Ռուսաստանից, որոնք ունեն իհարկե հակասական դրսեւորումներ՝ Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ շփոթությունից, երբեմն նույնիսկ դժգոհությունից եւ դիմադրությունից, մինչեւ ի վերջո նոր Հայաստանի հետ աշխատանքի եւ քաղաքականության նոր որակի ու բնույթի անհրաժեշտության գիտակցում:

Զատուլինի նոր նախաձեռնությունը դրա վկայությունն է եւ առնվազն հնարավորություն, որը կարող է վկայել Հայաստանում կատարվող փոփոխությունների եւ ընդհանրապես Ռուսաստանի համար Հայաստանի ռեգիոնալ ու աշխարհքաղաքական կարեւոր սուբյեկտային նշանակության գիտակցման վերաիմաստավորման առարկայական գործընթացի մասին:

Այդ իմաստով նաեւ խիստ խորհրդանշական է, որ Գրիբոյեդովին փոխարինում է Լազարեւների կամ Լազարյանների հռչակավոր տոհմի անվանումը: Այստեղ անշուշտ առանցքայինն այն է, որ տարբերությունը չլինի լոկ ցուցանակի փոփոխությունը, այլ որակի, բովանդակության եւ առաջին հերթին մտածողության: Դրա առումով իհարկե առանցքային է երկու հանգամանք՝ հանրային եւ քաղաքական ինչ շրջանակներ են ներգրավվելու նախաձեռնությանը թե Հայաստանից, թե Ռուսաստանից, որքանով է ակումբը լինելու այսպես ասած «ներառական» եւ ոչ թե «էլիտար», ու ինչ օրակարգային հարցեր են դրվելու ակումբի առաջ:

Հատկանշական է թերեւս մեկ այլ կարեւոր հանգամանք՝ ակումբի երկկողմ նպատակադրումը, որպեսզի այն լինի ոչ միայն Հայաստանում ռուսական ներկայության նոր ֆորմատ, այլ նաեւ Ռուսաստանում հայկական ներկայության ֆորմատ, Հայաստանի համար կարեւոր եւ օրակարգային հարցերի մատուցման հարթակ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am